«Համահայկական Ծնողական Կոմիտե» կազմակերպությունն ապատեղեկատվութուն է տարածում Յուվենալ արդարադատության համակարգի վերաբերյալ: Այս մասին նշվում է տեղեկատվական տեսահոլովակում, որը տարածել է «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն։ Հոլովակի հեղինակները հորդորում են մարդկանց հիմնվել փաստերի վրա և ինքնուրույն վերլուծություններ անել:
Ծնողական Կոմիտեի նախագահ Արմեն Բոշյանը հայտարարել էր, որ Յուվենալ արդարադատությունը «երեխասպանություն» է, երբ երեխային կարող են հեռացնել ընտանիքից՝ հիմնվելով «ընդամենը ենթադրությունների վրա, որ այդ երեխայի նկատմամբ կարող է կիրառվել հոգեկան բռնություն»: Նա նաև ասել է, որ Հայաստանում քիչ տոկոս է կազմում ընտանեկան բռնությունը:
Տեսահոլովակում նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը չունի յուվենալ արդարադատություն:
«Ինչ վերաբերում է երեխային տնից «հեռացնելուն», ապա ընտանեկան օրենսգրքի Հոդված 58-ի 1-ին կետի՝ երեխայի կյանքը կամ առողջությունը վտանգող անմիջական սպառնալիք դեպքում խնամակալության և հոգեբարձության մարմինն իրավասու է անմիջապես երեխային վերցնել ծնողներից (կամ նրանցից մեկից) կամ այն անձանցից, որոնց խնամքին է հանձնված երեխան»,- ասվում է հոլովակում:
Հեղինակները նշում են նաև, որ ծնողները կարող են զրկվել ծնողական իրավունքից, եթե վերջիններս դաժանաբար են վարվում իրենց երեխաների հետ:
Ինչ վերաբերում է բռնության դեպքերին՝ ՀԿ-ն նշում է, որ մեծ մասամբ կանայք ընտանեկան բռնության դեպքերի մասին լռում են: Համաձայն Կանանց իրավունքների կենտրոնի՝ բռնության ենթարկված կանանց ընդամենը 6 տոկոսն է դիմում ոստիկանությանը:
Տեղեկատվական տեսահոլովակը․