Home / Հայաստան / Վարչապետը պատշաճ չի համարել գնահատական տալ լրագրողներին հայհոյողների վարքին

Վարչապետը պատշաճ չի համարել գնահատական տալ լրագրողներին հայհոյողների վարքին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «պատշաճ չի համարում» գնահատական տալ շաբաթվա սկզբին Ազգային ժողովում լրագրողների նկատմամբ պատգամավորների դրսևորած վարքագծին, ինչպես նաև չի մեկնաբանել երեկ Տնտեսագիտական համալսարանում ՀՀԿ-ական ուսանողների կողմից լրագրողներին հայհոյելու և նրանց աշխատանքը խոչընդոտելու փաստը։ Այս մասին նա ասել է այսօր՝ պատասխանելով լրագրողի հարցին։

«Ազգային Ժողովում համապատասխան հանձնաժողով կա, Էթիկայի հանձնաժողովը, որը պետք է զբաղվի այդպիսի դրսևորումներով: Կարծում եմ՝ այնքան էլ պատշաճ չէ վարչապետի կողմից գնահատական տալ, թե ինչպիսին էր պատգամավորների կեցվածքը: Պահվածքի մասին քննարկման տեղը Ազգային Ժողովն է»,- պատասխանել է վարչապետը:

Հիշեցնենք, որ երկուշաբթի Ազգային ժողովում Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված գազային պայմանագրերի վավերացման դեմ բողոքի ակցիա անցկացրած լրագրողներին ՀՀԿ-ական պատագմավոր Առաքել Մովսիսյանը «կապիկ» էր անվանել, իսկ նրա կուսակից Կարեն Կարապետյանը լրագրողների հասցեին «կազյոլ» բառն էր հնչեցրել։

Երեկ Տնտեսագիտական համալսարանում ՀՀԿ-ական ուսխորհրդի անդամները թույլ չէին տվել լրագրողներին երրրորդ հարկ բարձրանալ, որտեղ ընթանում էր Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությունը, և նրանց հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ էին հնչեցրել։ Ի դեպ, վերոնշյալ ՀՀԿ-ականներից մեկի՝ Սևակ Խաչատրյանի «Ֆեյսբուքի» էջում նրա և Տիգրան Սարգսյանի լուսանկարն է տեղադրված։