Նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի կազմակերպած երթի մեկնարկին ձերբակալված ցուցարարների կանայք ու հարազատները այսօր հանդես են եկել միասնական հայտարարությամբ և պահանջել են վերացնել իրենց ամուսինների տեսակցությունների արգելանքը՝ այն համարելով հալածանք իրենց ընտանիքների նկատմամբ։
Հանդիպման մասնակից Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզաննա Բադալյանը, հիշեցրել է, որ անգամ մեծ աղմուկ հանած 2008 թվականի Մարտի 1-ի գործով կալանավորվածներն ունեին հարազատների հետ տեսակցելու իրավունք, մինչդեռ այժմ հանդիպումներն արգելված են։
Վերջինս նշել է, որ ինքը շատ լուրջ մտավախություն ունի կալանավայրում գտնվող Հարությունյանի կյանքի համար, նաև չի բացառել, որ արգելանքները կիրառվում են բռնությունների հետքերը թաքցնելու նպատակով։
«Մի քանի օր առաջ Շանթ Հարությունյանը դիմել էր հարազատների հետ տեսակցությունների ու զանգերի արգելանքը վերացնելու պահանջով և փաստաբանի միջոցով հայտարարել, որ պահանջը չկատարելու դեպքում ինքը կդիմի ծայրահեղ միջոցների, ավելի կոնկրետ՝ հացադուլ կսկսի։ Պահանջը մերժվել էր, և այսօր Շանթն ու իր ընկերները շարունակում են մնալ մեկուսացման պայմաններում՝ տեսակցություններն ու զանգերն արգելված են։ Դեկտեմբերի 24-ին Շանթը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով երաշխիքներ իր անվտանգության նկատմամբ։ Գիտեմ նաև, որ ունի առողջական խնդիրներ և առանց սննդի դեղամիջոցներ է ընդունում, շատ է ծխում և արդեն վտանգված է նրա առողջությունը», – ասել է Բադալյանը՝ հավելելով, որ ամուսնու մեկուսացումը կարող է շատ վատ անդրադարձ ունենալ ինչպես իր, այնպես էլ որդու հոգեկանի վրա։
«Խոսքը բոլոր ձերբակալվածների մասին է, ոչ մեկից տեղեկություն չկա։ Այսօր վերջին աշխատանքյաին օրն է, ու թե ինչ կկատարվի մինչև հունվարի 8-ը նրանց հետ՝ ասել չեմ կարող», – նշել է Ռուզաննա Բադալյանը։
Հանդիպման մասնակիցները նաև ասել են, որ այս ամբողջ ընթացքում խոսվում է միայն ոստիկանների ստացած վնասվածքների մասին՝ մոռանալով, որ նրանք ընդամենը սադրիչներ են եղել ու ոչ մի լուրջ վնասվածք չեն ստացել։
«Ակնհայտ է, որ այս 13 քաղբանտարկյալների նկատմամբ խտրականություն կա, իշխանությունները հայտարարեցին, որ այս բոլոր ձերբակալվածները արկածախնդիրներ են ու չիմանալով ինչ անել՝ գնացել են նման քայլի։ Նշեմ, որ այս գործով անցնող բոլոր ձերբակալվածները հայրենասեր տղաներ են ու իշխանությունները լավ գիտեն այդ մասին», – ասել է ձերբակալված Սևակ Մնացականյանի եղբայրը` Մասիս Մնացականյանը։
Վերջինս հարց է ուղղել, թե ինչո՞ւ ավելի վաղ չէին ձերբակալում այդ տղաներին, եթե նրանց գործողությունները անօրինական էին։
«Այս տղաները գաղտնի չեն գործել, նախօրոք հայտարարել են անելիքների մասին, ու եթե չեն ձերբակալել, ուրեմն նրանց քայլերում անօրինություն չեն տեսել», – ասել է Մնացականյանը։
Նշենք նաև, որ այսօր երկու ամսով երկարացվել է Շանթ Հարությունյանի կալանքը։ Նա մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։