Երեկ երեկոյան երկարատև հիվանդությունից հետո Երևանում մահացել է արձակագիր Լևոն Խեչոյանը։ 58-ամյա գրողը տառապում էր քաղցկեղով։ Նախորդ տարվա վերջին Խեչոյանը բուժում էր ստանում Գերմանիայում։ ՀՀ կառավարության որոշմամբ գրողի բուժման համար հատկացվել էր 20 հազար եվրո։ Դեկտեմբերի վերջին, սակայն, բժիշկները խորհուրդ էին տվել Խեչոյանին Հայաստան տեղափոխել։
Խեչոյանը «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար 1999 թվականին արժանացել է ՀՀ պետական գրական «Ոսկե եղեգն» մեծ մրցանակի։ Մասնակցել է ղարաբաղյան պատերազմին։
2013 թվականի մայիսին Խեչոյանը հրաժարվել էր Սերժ Սարգսյանի կողմից տրված «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալից։ Գրողը պատճառաբանել էր, որ չի կարող ընդունել այդ մեդալը, երբ երկրում այս չափերի արտագաղթ կա և երբ իր եղբայր ազատամարտիկները, չդիմանալով սոցիալական ծանր պայմաններին, նստացույց են անում:
Լուսանկարը՝ hetq.am