Այսօր ժամը 14։00-ի սահմաններում «Դատապարտյալների հիվանդանոց» է տեղափոխվել 16 օր առաջ հացադուլ հայտարարած քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը։
Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:
Նա նշել է, որ Հարությունյանի ինքնազգացողությունը հացադուլի ընթացքում վատթարացել է, վերջին օրերին նա գլխապտույտներ է ունեցել, ինչպես նաև արյան ճնշման անկում, ինչն էլ հիվանդանոց տեղափոխելու պատճառ է հանդիսացել։
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը նոյեմբերի 5-ին նախաձեռնած երթի մեկնարկին ձերբակալվելուց հետո հնարավորություն չի ունեցել տեսակցելու իր հարազատների հետ։ Հարությունյանին մեղադրում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Հայաստանցի իրավապաշտպանների գնահատմամբ՝ Հարությունյանի նկատմամբ քաղաքական հետապդնում է իրականացվում։