Թուրքիայի «Կիբեռհանցագործությունների մասին» օրենքում կատարված փոփոխություններն ու լրացումները, որոնք ներկայացվել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Զեյնեփ Քարահան Ուսլուի կողմից, կառավարությանը թույլ կտան գրաքննության ենթարկել ինտերնետային կայքերն ու սոցիալական ցանցերը, ինչպես նաև տեղեկություններ հավաքել ինտերնետի օգտատերերի մասին։ Այս մասին հայտարարել են թուրք քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները, գրում է Today's Zaman-ը։
«Կառավարությունը փորձում է լռեցնել ինտերնետն ու սոցիալական ցանցերը, այնպես, ինչպես լռեցրեց ԶԼՄ-ներին՝ կոռուպցիոն սկանդալից հետո», – հայտարարել է ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության նախագահ Էմրեհեն Հալիչին։
Արդեն իսկ հինգշաբթի Թուրքիայում քրեական դատարանի որոշմամբ արգելափակվել է ԱՄՆ-ում տեղակայված Vimeo վիդեո-հոսթինգի կայքը։
Օրինագծում ներառված փոփոխությունների համաձայն՝ Ընտանիքի ու սոցիալական քաղաքականության նախարարությունը, տրանսպորտի ու կապի նախարարը, ինչպես նաև Հեռահաղորդակցության տնօրինության ղեկավարը հնարավորություն կունենան արգելափակել ցանկացած կայք՝ առանց դատական օրդեր ստանալու։
Օրինագիծը նաև թույլ է տալիս ձեռք բերել օգտատերերի կողմից համացանցում կայքերից օգտվելու մասին տեղեկատվությունը (browsing histories) և պահել այն մինչև 2 տարի։
«Այսպիսով, գործի կդրվի համակարգ, որը երկրի ամբողջ տարածքում տեղեկություններ կհավաքի քաղաքացիների մասին»,- նշել է Հալիչին՝ հավելելով, որ կառավարությունը հնարավորություն կունենա նաև արգելափակել Youtube-ի այն տեսանյութերը, որոնք իրեն դուր չեն գալիս։
ԺՀԿ նախագահի խոսքով՝ կառավարությունը, ամենայն հավանականությամբ, վախենում է, որ մարտին կայանալիք ընտրություններին ընդառաջ ինտերնետում կհրապարակվեն նյութեր կաշառակերության ու այլ խնդիրների վերաբերյալ։
«Սա իրավական կանոնակարգ է, որը կսահմանափակի [օգտատերերի] ազատությունները»,- Today's Zaman-ի հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիայի նախագահ Գյունալ Քուրշունը։ Նրա խոսքով՝ օրինագիծը, որը կապի նախարարին ու Հեռահաղորդակցության տնօրինության ղեկավարին թույլ է տալիս արգելափակել որոշակի կայքեր, խախտում է Սահմանադրությունը, քանի որ այդ երկուսը դատական մարմիններ չեն։ Այն փաստը, որ օրինագիծն ինտերնետ ծառայություն տրամադրողներից պահանջում է վերահսկել օգտատերերին ու տեղեկություններ տրամադրել իշխանություններին, նույնպես խախտում է Սահմանադրությունը։
Քուրշունը մտահոգ է, որ այս փոփոխությունները կսահմանափակեն ազատությունները սոցիալական ոլորտում։ Նա նշել է, որ դատական որոշմամբ արդեն փակվել է 4000 կայք։ «Վերջիվերջո, Թուրքիայի դատարանների կողմից մինչ այժմ ընդունված վճիռներն այնքան էլ ազատական չեն»,- նշել է նա։