ՌԴ ԱԴԾ (ՖՍԲ) Սահմանապահ ծառայությունը հրաժարվում է տեղեկություններ տրամադրել օրերս Գյումրիում կայացած ընդլայնված հանդիպման մասին, որին մասնակցել են նաև Հայաստանի և Թուրքիայի սահմանապահները և որի մասին գրել է թուրքական մամուլը։
ՌԴ ԱԴԾ (ՖՍԲ) Սահմանապահ ծառայության մամուլի խոսնակ Սերգեյ Գրեչինը երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ այդ հանդիպման մասին տեղեկատվություն ստանալ հնարավոր չէ: Թերթի թղթակցի հարցին՝ ինչն է պատճառը, որ չեն տրամադրում, և արդյոք դա ընդունված կարգ է, Գրեչինը պատասխանել է. «Որովհետև»։
Լրագրողի դիտարկմանը, թե այս պատասխանից հետո կարող է կարծել, որ հանդիպումը եղել է և իրենք չեն ուզում հայտնել դրա մասին, Գրեչինը արձագանքել է. «Ինչ ուզում եք մտածեք, ինչ ուզում եք գրեք, մենք խնդիր չունենք»։
Մամուլի խոսնակը հայտնել է, որ չի կարծում, թե Գյումրիում որևէ մեկը կարող է որևէ տեղեկություն հայտնել հանդիպման վերաբերյալ։
Գյումրիի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Զոհրաբ Եգանյանը, մեկնաբանելով հանդիպման մասին տեղեկությունը, հայտնել է, որ թուրք սահմանապահների Գյումրի կատարած այցելության մասին տեղեկության չի տիրապետում։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում