2013 թվականին Վրաստան այցելած քաղաքացիների թվով Հայաստանը զբաղեցրել է երկրորդ տեղը։ Վրաստանի ՆԳՆ տեղեկատվական-վերլուծական բաժնի տվյալներով՝ առաջին տեղում է Թուրքիան՝ 1 591 372 այցելուներով, հայտնում է Newsgeorgia-ն: Երկրորդ տեղում Հայաստանն է, որտեղից Վրաստան է այցելել 1 285 175 քաղաքացի։ Միևնույն ժամանակ, Հայաստանը առաջին տեղում է դեկտեմբերին կատարած այցելությունների թվով՝ 121 671 մարդ (սա 26,8%-ով գերազանցում է 2012 թվականի դեկտեմբերի ցուցանիշը)։
Վրաստան 2013 թվականին այցելել է Ադրբեջանի 1 072 226 ու Ռուսաստանի 765 458 քաղաքացի։
Հինգերորդ տեղում է Ուկրաինան (126 300), վեցերորդ տեղում՝ Իրանը (78 633)։ Եվրամիության երկրներից 2013 թվականին Վրաստան է այցելել 206 999 քաղաքացի։
Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Վրաստանում եղել է 5 365 356 օտարերկրացի այցելու, ինչը 21,2%-ով գերազանցում է 2012-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը (4 428 221)։