Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Ռոբերտ Բունիաթյանի նախագահությամբ այսօր բավարարել է քննիչի՝ ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ կիրառված կալանքը երկու ամսով երկարաձգելու մասին միջնորդությունը: Այս մասին Epress.am-ին հայտնել է Ավետիսյանի ներկայացուցիչ, փաստաբան Արա Զաքարյանը: Կաշառակերության և խարդախության մեջ մեղադրվող Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ նման կալանք են կիարռում արդեն 3-րդ անգամ:
Արա Զաքարյանի փոխանցմամբ՝ դատական նիստի ընթացքում քննիչը չի բերել որևէ հիմնավորում այն մասին, թե ինչպես Ավետիսյանը կարող է խանգարել քննությանը ազատության մեջ լինելով:
Բացի դա, փաստաբանը դատարանում նշել է, որ քննիչը ջանասիրաբար չի քննում գործը, հետևաբար, դրա ընթացքը ձգձգվում է, իսկ Ավետիսյանը շարունակում է մնալ անազատության մեջ:
Դատական նիստն ավարտվել է երեկոյան ժամը 19:30-ին, դատարանը խորհրդակցական սենյակում է եղել ավելի քան 3 ժամ և որոշումը հրապարակել է 22:30-ին:
Այնուամենայնիվ, դատարանը, բավարելով քննիչի միջնորդությունը, իր որոշման մեջ նշել է, որ ընդունում է, թե քննիչը ջանասիրաբար չի աշխատել: Այդ ձևակերպումը հաշվի առնելով՝ պաշտպանության կողմի համար անհասկանալի է՝ ինչու է դատարանը բավարարել միջնորդությունը:
Զաքարյանը պատրաստվում է բողոքարկել այդ որոշումը:
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մայիսին մեկնարկած ազատամարտիկների սոցիալական իրավիճակի բարելավման համար սկսված հանրային պայքարի ղեկավարներից է: Նա նստացույցներ էր կազմակերպել Ազատության հրապարակում, նախաձեռնել ազատամարտիկների այցերը մարզեր: Ազատամարտիկի խոսքով՝ իր պայքարը քաղաքական է, իսկ իր դեմ առաջադրված մեղադրանքը՝ շինծու:
ՀՀ ՊՆ քննչական մարմինը Ավետիսյանի ձերբակալություն ից հետո հետևյալ հաղորդագրությունն էր տարածել.
«Ավետիսյանը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, քաղաքացի Հ.Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով, Հ.Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար գումար»: