Երեկ ծանր վիճակում Երևանի Մուրացան փողոցում գտնվող զինվորական կենտրոնական հոսպիտալ տեղափոխված զինծառայող,18-ամյա Մհեր Խլղաթյանի գիտակցությունը տեղն է։ Նա գտնվում է վերակենդանացման բաժնում։ Այս մասին Pastinfo.am-ի հետ զրույցում ասել է ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը, ով սակայն ոչ հերքել, ոչ էլ հաստատել է զինծառայողի մոտ մարմնական վնասվածքների առկայությունը:
Երեկ երեկոյան զորամաս է այցելել ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով ծանոթացել է իրավիճակին և գործը վերցրել իր անմիջական հսկողության տակ։
Հիշեցնենք, որ դեռևս երեկ զինվորի հարազատները հայտնել էին, որ ԼՂՀ-ի Չոփռլուի զորամասում ծառայող Խլղաթյանին ծեծի են ենթարկել։
ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից հայտնել են, որ երիտասարդը հոսպիտալ է ընդունվել երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ և մարմնական վնասվածքներով։
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 376 հոդվածի 2-րդ (պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 358.1 հոդվածի 2-րդ (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը) մասերով հարուցվել է քրեական գործ: