Ինչ ազդեցություն կարող է ունենալ Թուրքիայում նախորդ տարվա վերջին ծագած կոռուպցիոն սկանդալը ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վրա։ Թուրքական Today's Zaman-ի սյունակագիր Լալե Քեմալն իր հոդվածում վերլուծում է ստեղծված իրավիճակը.
«Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պնդումն այն մասին, թե նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին ի հայտ եկած կոռուպցիոն սկանդալի հետևում կանգնած են «ներքին ու արտաքին դավադիրներ» ու նրանց գլխավոր նպատակն է տապալել իր կառավարությունը, կարող է ԱՄՆ Կոնգրեսին դրդել ընդունել որոշումներ, որոնք պաշտոնական Անկարային դուր չեն գա։ Օրինակ, ԱՄՆ Կոնգրեսը կարող է վերջապես որոշել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները ճանաչել որպես ցեղասպանություն․ եզր, որին Անկարան խիստ դեմ է։ Այն փաստը, որ Էրդողանը ԱՄՆ-ին՝ Թուրքիայի սերտ դաշնակցին, ընդգրկել է արտաքին դավադիրների ցանկում, ու, մասնավորապես, Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեին մեղադրել կոռուպցիոն սկանդալի ընթացքում սադրիչ գործողություններ իրականցնելու մեջ, արդեն բարկացրել է թե՛ ԱՄՆ նախագահի վարչակազմին, թե՛ ԱՄՆ Կոնգրեսին։
ՆԱՏՕ-ի անդամ երկրում՝ Թուրքիայում, ամերիկացի դեսպանին որպես թշնամի վերաբերվելու փաստը Կոնգրեսին դուր չի եկել։
Ռիկարդոնեի հետ վեճը բռնկվեց այն բանից հետո, երբ իշխանամետ լրատվամիջոցները հրապարակեցին տեղեկատվություն, ըստ որի՝ Ռիկարդոնեն ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ դռնփակ հանդիպման ժամանակ ասել էր, թե իրենք «կայսրության (Թուրքիայի) անկման» ականատեսը կլինեն։ Ըստ ԶԼՄ-ների՝ ԱՄՆ դեսպանը պետական սեփականություն հանդիսացող Halkbank-ին, որի գլխավոր տնօրենը ձերբակալվել է կաշառակերության մեղադրանքներով, խնդրել էր դադարեցնել Իրանի հետ բիզնես գործարքները՝ երկրի դեմ ՄԱԿ-ի ընդունած պատժամիջոցներին համապատասխան։
ԶԼՄ-ների հաղորդագրություններից անմիջապես հետո՝ Անկարայում ԱՄՆ դեսպանությունը Twitter-ի իր պաշտոնական էջում հաղորդագրություններ տեղադրեց՝ նշելով, որ ԱՄՆ-ն կոռուպցիոն սկանդալի հետ որևէ կապ չունի․ «Նորություններում հնչած բոլոր մեղադրանքներն ակնհայտ սուտ են, զրպարտություն են»։
Էրդողանը, ԱՄՆ դեսպանին թիրախավորելով հնարավոր կեղծ մեղադրանքի հիման վրա, ԱՄՆ Կոնգրեսին արծաթե սկուտեղի վրա արդարացում մատուցեց՝ 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելու համար։
Յուրաքանչյուր տարվա ապրիլի 23-ին ԱՄՆ նախագահը հանդես է գալիս հայտարարությամբ։ Նախորդ տարվա ապրիլին նախագահ Օբաման իրադարձություններն անվանեց «Մեծ Եղեռն»՝ դրանք որպես ցեղասպանություն որակելու փոխարեն։
Կոնգրեսը, սակայն, հավանաբար կօգտագործի դեսպանի դեմ Էրդողանի հարձակումները, Օբամայի վարչակազմին կստիպի նվազեցնել շփումները Թուրքիայի հետ ու կարող է վերջապես որոշում ընդունել՝ Օսմանյան կայսրությունում կատարված սպանությունները որակել որպես Հայոց ցեղասպանություն։
Հայ-ամերիկյան համայնքը հայկական սփյուռքի քաղաքականապես ամենաազդեցիկ համայնքներից է։ Այն նաև շատ ազդեցիկ է ԱՄՆ կոնգրեսում և սենատում։ ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեզը՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, ծնունդով Նյու Ջերսիից է, որտեղ հայ համայնքը բավական ուժեղ է»։
Քեմալի խոսքով՝ պատահական չէ, որ, Նյու Ջերսի նահանգի թերթերում հրապարակված հոդվածների համաձայն, Թուրքիայի կառավարությունը փորձում է թաքցնել կոռուպցիոն սկանդալի իրական պատկերն ու թույլ չտալ գործով դատական հետապնդում իրականացնել, իսկ Նյու Ջերսիի հայ համայնքը մտադիր է ազդել Մենենդեզի վրա՝ օգտագործելով այդ փաստը, ու ստիպել ընդունել որոշում Հայոց ցեղասպանություն վերաբերյալ։
«Հայերը ցանկանում են ապացուցել, որ Թուրքիայում օրենքի գերակայություն չկա, քանի որ կառավարությունը միջամտում էր կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ դատական գործընթացին։ Նրանք նաև հիշատակում են ոստիկանության գործադրած բռնությունը Գեզի այգու ցուցարարների դեմ, ինչպես նաև նշում այն բազմաթիվ լրագրողներին, որոնք ձերբակալվել են՝ կառավարության դեմ հանդես գալու համար։
2015 թվականը Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների 100-ամյա տարելիցն է։ Ամերիկահայերը Կոնգրեսին կխնդրեն տեղի ունեցածը ցեղասպանություն ճանաչել հաջորդ տարի, եթե ոչ այս տարվա ապրիլին։ Իսկ սենատոր Մենենդեզը չի կարող իրեն թույլ տալ մերժել Նյու Ջերսիի հզոր հայ համայնքի պահանջները»։