«Heritage Foundation» հիմնադրամը և Wall Street Journal պարբերականը հունվարի 14-ին հրապարակել են «2014 թվականի տնտեսության ազատության ցուցիչ» զեկույցը։
Հայաստանը ներկայացված աղյուսակում զբաղեցրել է 41-րդ հորիզոնականը՝ հավաքելով 68․9 միավոր։ Նախորդ տարվա համեմատ՝ Հայաստանի տնտեսության ազատության ցուցիչը նվազել է 0․5 միավորով, ինչը, զեկույցի հեղինակների համաձայն, պայմանավորված է ներդրումային, գործարար և ֆինանսական ազատության ոլորտներում գրանցված անկումով: Ինչպես և անցյալ տարի, Հայաստանը դասվել է չափավոր ազատ երկրների դասին։ Անցյալ տարի նույն աղյուսակում Հայաստանը զբաղեցրել էր 38-րդ հորիզոնականը։
Հայաստանը եվրոպական 43 երկրների շարքում 18-րդն է։ Ցուցիչի 20 տարվա պատմության ընթացքում Հայաստանն իր տնտեսության ազատության վիճակը բարելավել է 26․7 միավորով։
Այս տարվա զեկույցում ներկայացված աղյուսակում Հայաստանի հարևան Վրաստանը զբաղեցրել է 22-րդ հորիզոնականը՝ 72․6, Թուրքիան՝ 64-րդ հորիզոնականը՝ 64․9 միավորով, Ադրբեջանը՝ 81-րդ հորիզոնականը՝ 61․3 միավորով։
Ռուսաստանը 51.9 միավորով գտնվում է 140-րդ տեղում։
Առաջին հորիզանականում Հոնգ Կոնգն է՝ 90 միավորով, երկրորդը՝ Սինգապուրն է՝ 89,4, երրորդը՝ Ավստրալիան՝ 82,0 միավորով։
Աղյուսակը եզրափակել է Հյուսիսային Կորեան, որն ունի 1 միավոր։