ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց», «Վարդաշեն», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ, որտեղ հանդիպումներ է ունեցել նոյեմբերի 5-ի գործով կալանավորված 13 անձանց, այդ թվում՝ Շանթ Հարությունյանի հետ:
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում Փաշինյանը նշում է, որ այս գործով կալանավորված անձանցից չի հաջողվել հանդիպել-զրուցել միայն Անուշավան Գրիգորյանի հետ, ով «Նուբարաշեն» ՔԿՀ ղեկավարության պարզաբանումների համաձայն, տեղափոխվել է հոգեբուժական հիվանդանոց՝ դատահոգեբուժական փորձաքննության:
«Շանթ Հարությունյանը հյուծված էր երկարատև հացադուլից հետո և գտնվում է կազդուրման փուլում: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվողների ճնշող մեծամասնությունը պահվում է գերբեռնված խցերում, որտեղ կալանավորված անձանց թիվն ավելի մեծ է, քան քնելատեղերը:
Լիպարիտ Պետրոսյանն ու Ալբերտ Մարգարյանն ունեն բժշկական հետազոտության կարիք:
Քննչական մարմինը ձերբակալության օրն առգրավվել է «Վարդաշեն» ՔԿՀ-ում պահվող Վարդան Վարդանյանի ակնոցները, և ի հեճուկս խնդրանքների՝ մինչև օրս չի վերադարձրել: Ի հեճուկս իր դիմումի՝ մինչև օրս Վարդան Վարդանյանին պաշտպան չի տրամադրվել», – գրել է Նիկոլ Փաշինյանը: