Ստեփան Մարտիրոսյան անունով հոլիվուդյան մի պրոդյուսեր, որը ԱՄՆ-ում շուրջ 30 տարի ներգրավված է եղել անօրինական տարբեր գործարքներում, այդ թվում՝ թմրանյութերի առևտրում և Մոսկվայում մի սպանություն պատվիրելու մեջ, 2006-ին գումար է հատկացրել ամերիկյան Burson-Marsteller փիար ընկերությանը՝ օգնելու բարձրացնել Սերժ Սարգսյանի վարկանիշը: Այն ժամանակ վերջինս դեռ Հայաստանի պաշտպանության նախարարն էր:
Այս մասին գրում է CivilNet-ը՝ հղում անելով Los Angeles Weekly պարբերականի հունվարի 2-ին Ջին Մադաուսի հոդվածին, որը վերնագրված էր «Թմրամիջոցներ, ադամանդներ, միջազգային ինտրիգներ. դուք չեք հավատա հոլիվուդյան պրոդյուսերների խելացնոր անցյալին»:
Ըստ հոդվածի՝ 2006-ի սեպտեմբերին Սերժ Սարգսյանի վարկանիշը բարձրացնելու 7 ամսվա ծառայությունների համար Մարտիրոսյանը վերոնշյալ ընկերությանը պարտավորվել է վճարել 535 000 դոլար:
«2006-ին Մարտիրոսյանը վարձում է ամերիկյան Burson-Marsteller փիար ընկերությանը՝ օգնելու բարձրացնել Սարգսյանի վարկանիշն արտերկրում: ԱՄՆ-ի Պետքարտուղարություն ներկայացված` Արտասահմանյան գործակալների գրանցման մասին օրենքի հիման վրա կազմված պայմանագրում թվարկված են նպատակները՝ ներկայացնել Հայաստանը որպես անվտանգ և կայուն պետություն ներդրումների համար և իրականացնել իրազեկման և հեղինակության բարձրացման երկարաժամկետ ծրագիր՝ ի շահ նախարար Սարգսյանի:
«Մենք կարծում ենք, որ Սերժ Սարգսյանը շատ ամերիկամետ անձնավորություն է,- նշել է Մարտիրոսյանը: – Մենք կարծում ենք` ճիշտ կլինի օգնել նրան ամերիկյան նոու-հաուի հարցում»:
Սարգսյանը Հայաստանի նախագահ ընտրվեց 2008-ին: Թեև նա Ամերիկայի վստահելի դաշնակից էր, ԱՄՆ-ի կառավարությունը մտահոգություն հայտնեց քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ նրա վերաբերմունքի կապակցությամբ: Ընտրությունները մռայլվել էին ցուցարարների և անվտանգության ուժերի միջև բախումներով, որի հետևանքով զոհվել էր տասը մարդ, ինչպես նաև ընդդիմադիր գործիչների հետագա հետապնդումներով` ցույցեր կազմակերպելու համար: 2009-ին ԱՄՆ կառավարությունը, ելնելով իր մտահոգություններից, դադարեցրեց Հայաստանում գյուղական ճանապարհների համար տրվող իր օգնությունը», – մասնավորապես, գրում է Մադաուսը: