Կանխատեսումների համաձայն՝ ընթացիկ տարում համաշխարհային տնտեսությունը կամրապնդվի, ընդ որում, զարգացող երկրներում աճի տեմպը կմեծանա, իսկ եկամուտների մեծ մակարդակ ունեցող տնտեսությունները, ամենայն հավանականությամբ, վերջապես կվերականգնվեն՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից 5 տարի անց։ Այս մասին ասված է Համաշխարհային բանկի հրապարակված «Համաշխարհային տնտեսական հեռանկարները» զեկույցում։
Զեկույցի հեղինակները նշում են, որ ԱՊՀ կազմի մեջ մտնող երկրները 2013-ին տարբեր արդյունքներ են գրանցել։ Էներգառեսուրսների մատակարար երկրներում (Ադրբեջան, Ղազախստան, Ուզբեկստան) ակտիվության բարձր ցուցանիշներ են պահպանվել՝ էներգակիրների համեմատաբար բարձր գների, արտադրության ծավալների աճի, ինչպես նաև ներքին պահանջարկի զգալի աճի շնորհիվ։
Այն երկրներում, սակայն, որոնք էներգառեսուրսների մատակարար չեն, եկամուտների ու տնտեսական ակտիվության անկում է գրանցվել՝ հումքային հիմնական ապրանքների ոլորտում անբարենպաստ իրավիճակի պատճառով։ Ընդ որում, առևտրի պայմանների պատճառով առաջացած ամենածանր հետևանքները գրանցվել են Բելառուսում, Ղրղզստանում և Ուկրաինայում։
2014-ի դեպքում, ընդհանուր առմամբ, տարածաշրջանի համար կանխատեսումները դրական են․ ակնկալվում է, որ 2014-2016 թթ-ին որոշ չափով կվերականգնվի տնտեսական աճը։ Միևնույն ժամանակ, կանխատեսումները բոլոր երկրների բնականաբար համար տարբեր են, քանի որ այդ պետությունները ստիպված են գործ ունենալ արտաքին իրադարձությունների, ներքին ռազմավարությունների ու կառուցվածքային խնդիրների տարբեր «հավաքածուների» հետ։ Տնտեսական ակտիվության աճն առավել նկատելի կլինի Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրներում, որտեղ ներկայումս առկա են պահեստային կարողությունների ամենամեծ ծավալները։
Չնայած կանխատեսվող աճին, հեռանկարում տարածաշրջանի համար կան մի շարք ռիսկեր, որոնք կարող են անկման հանգեցնել։ Գլխավոր ռիսկը եվրագոտու երկրների տնտեսության վերականգնման դանդաղ տեմպն է․ այն առավել ակտուալ է այն երկրների համար, որոնք սերտ առևտրային ու ֆինանսական կապեր ունեն եվրագոտու երկրների հետ։
Ռուսաստանում աճի տեմպի անկումը կարող է խափանել տնտեսական աճի հեռանկարները ԱՊՀ մի շարք երկրներում, հատկապես ներմուծման, դրամական փոխանցումների ու օտարերկրյա ներդրումների առումով Ռուսաստանից զգալի կախվածություն ունեցող երկրներում (Հայաստան, Ղրղզստան, Մոլդովա, Տաջիկստան, Ուզբեկստան)։
Աճի կանխատեսում․
Հայաստան՝ 2013թ – 3.2%, 2014 – 5.0%
Ադրբեջան՝ 2013 – 4.9%, 2014 – 5.3%
Վրաստան՝ 2.5%, 6.3%
Թուրքիա՝ 4.3%, 3.5%
Բելառուս՝ 2013 – 1.0%, 2014 – 1.5%
Մոլդովա՝ 5.5%, 3.8%