Home / Հայաստան / «Էրեբունի» օդանավակայանում ռուսաստանյան օդուժի նոր էսկադրիլիա է ստեղծվել

«Էրեբունի» օդանավակայանում ռուսաստանյան օդուժի նոր էսկադրիլիա է ստեղծվել

«Էրեբունի» օդանավակայանում ստեղծվել է ռուսաստանյան օդուժի նոր էսկադրիլիա: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը ՝ հղում կատարելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության Հարավային ռազմական օկրուգի լրատվական ծառայությունը:

Ծառայությունը մանրամասնում է, որ եթե Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի օդուժը նախկինում բաղկացած էր միայն ՄիԳ-29 կործանիչներից, ապա այժմ նոր էսկադրիլիայի ստեղծումից հետո ռազմակայանը կունենա նաև Մի-24Պ, Մ-8ՄՏ, Մի-8ՍՄԲ ուղղաթիռներ, որոնք «կօգտագործվեն խնդիրների լայն շրջանակի լուծման համար՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի զորքերի ավիացիոն օժանադակության ժամանակ»:

Նշվում է նաև, որ «Էրեբունի»-ում տեղակայված նոր էսկադրիլիան ավիատեխնիկայով կհամալրվի 2014 թվականի ընթացքում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության Հարավային ռազմական օկրուգի լրատվական ծառայությունը ընդգծում է՝ Հայաստանի տարածքում տեղակայված ռուսաստանյան օդուժի խնդիրն է ապահովել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ Հայաստանի օդային սահմանների պաշտպանությունը:

Հայաստանի կառավարության անցած տարվա նոյեմբերի 21-ի որոշմամբ հավելյալ տարածքներ է փոխանցել երկրում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանին, ներառյալ՝ «Էրեբունի» օդանավակայանում վառելիքաքսուքային պահեստ կառուցելու համար տարածքներ ու Երևանի Արշակունյաց փողոցի թիվ 7 ռազմական ավանը: