հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Նոր փորձաքննություն․ տուժող կողմը չի հավատում զինվորի ինքնասպանության վարկածին

Նոր փորձաքննություն․ տուժող կողմը չի հավատում զինվորի ինքնասպանության վարկածին

Տուժող կողմն արժանահավատ չի համարում զինվորի ինքնասպանության վարկածը։ 2012 թվականի նոյեմբերին մահացած 19-ամյա Սարգիս Սահակյանի գործով նոր փորձաքննություն կանցկացվի։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացած զինծառայող Սարգիս Սահակյանի գործով դատական նիստում նրա իրավահաջորդի ներկայացուցիչ Սյուզաննա Խչեյանը միջնորդել է նոր դատաբժշկական փորձաքննություն կատարել։ Դատավոր Նապոլեոն Օհանյանը բավարարել է փաստաբանի միջնորդությունը: Համաձայն պաշտոնական վարկածի՝ Սահակյանն ինքնասպանություն է գործել։

Տուժող կողմը միջնորդությունը հիմնավորել է նրանով, որ նախորդ փորձաքննությունով ապացուցված չի կարող համարվել, թե Սահակյանը ինքնասպան է եղել։ Փորձաքննության համաձայն՝ զինծառայողի ինքնաձիգի վրա չեն հայտնաբերվել նրա մատնահետքերը, մինչդեռ, ըստ պաշտոնական վարկածի, կրակոցը կատարվել է իրեն ամրակցված ինքնաձգից: Մահացածի եղունգների տակ, հագուստի վրա չեն հայտնաբերվել վառոդի արգասիքներ:

Եզրակացությունը, ըստ Խչեյանի հիմնավորման, չի կարող հավաստի համարվել նաև այն պատճառով, որ քննիչը դատաբժշկին չէր տրամադրել դեպքի վայրի արձանագրությունը և դրա ֆոտոհավելվածը, ինչպես նաև դիակի զննության արձանագրությունը և դրա ֆոտոհավելվածը:

Խչեյանը Epress.am-ին հայտնել է, որ փորձագիտական եզրակացության հեղինակների պատասխանները տուժող կողմի կասկածները չեն բավարարել, ուստի նոր փորձաքննութուն կանցկացվի:

Նշենք, որ, պաշտոնական վարկածի համաձայն, Սարգիս Սահակյանը ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ զորամասում ծառայակիցները հայհոյել ու ստորացրել են նրան՝ «տուլիկը» միայնակ ուտելու համար: Ինքնասպանությանը հասցնելու մեջ մեղադրվող ամբաստանյալներ Արթուր Միսակյանն ու Արտաշես Խաչատրյանը չեն ընդունում իրենց մեղքը:

Թե Միսակյանը, թե գործով անցնող 6 վկաները դատական նախորդ նիստերում հաժարվել են իրենց նախաքննական ցուցմունքներից: Նրանք սուտ ցուցմունք գրելը հիմնավորել են նրանով, որ իրենց նկատմամբ բռնություններ են կիրառվել ռազմական ոստիկանությունում, նրանց մինչև մեկ ամիս անազատության մեջ են պահել և ստիպել են գրել, որ Սարգիսը «տուլիկը» միայնակ է կերել, ինչից հետո էլ նրան վիրարվորել են, ու որպես հետևանք վերջինս ինքնասպանություն է գործել:

Վկաների և ամբաստանյալի վրա ճնշում գործադրելու հարցով նյութեր են նախապատրաստվել, սակայն այսօրվա դատական նիստում մերժվել է այդ առթիվ քրեական գործ հարուցելը: