Home / Հայաստան / «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամները պատրաստ են անհնազանդության ակցիաների

«Դ!եմ եմ» նախաձեռնության անդամները պատրաստ են անհնազանդության ակցիաների

«Դեմ եմ ՀՀ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» («Դ!եմ եմ») նախաձեռնության անդամները հորդորում են այսօրվա հավաք-երթի մասնակիցներին չտրվել սադրանքներին։ Այս մասին նրանք ասել են այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Նշենք, որ հավաք-երթը մեկնարկելու է այսօր, ժամը 14։00-ին Ազատության հրապարակում և դրան մասնակցելու են նաև ԱԺ 4 ոչ իշխանական ուժերը՝ ՀԱԿ, ԲՀԿ, Ժառանգություն և ՀՅԴ։

Նախաձառնության անդամները նաև կոչ են արել չքաղաքականացնել իրենց շարժումը՝ այն որակելով որպես սոցիալական-կենցաղային։

Նախաձեռնության անդամ Գևորգ Գորգիսյանը դիմել է ոստիկանությանը՝ զգուշացնելով, թե իրենք օրինապաշտ քաղաքացիներ են և ակցիան անօրինական պահանջ չունի, ուստի պետք չէ իրենց մեջ փնտրել հանցագործների:

Հետագա քայլերի մասին նախաձեռնությունը դեռ չի բարձրաձայնում՝ սպասելով ՍԴ-ի որոշմանը:

«Օրենքը ուժի մեջ մտած է, բայց հույս ունեմ, որ ՍԴ-ն ամեն դեպքում հունվարին 25-ին հակասահմանադրական կճանաչի այն, և արդեն իսկ կուտակվող գումարները հետ կստանան այն քաղաքացիները, որոնցից գանձվել է։ Իսկ եթե չկայացնի, մենք այդ տարբերակին էլ ենք պատրաստ, այս դեպքում քաղաքացիական անհնազանդության ակցիաները կսկսվեն»,- ասել է նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը: