Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը դադարեցրել է Աշոտ Խուդոյանի բողոքի հիմքով գործի քննությունը: Epress.am-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Խուդոյանի կինը՝ Հեղինե Մակարյանը՝ ավելացնելով, որ ՄԻՊ-ն իր որոշման հիմքում դրել է ոստիկանության պատասխանը միայն: Խուդոյանը բողոքում էր ոստիկանության դեմ, ովքեր նոյեմբերի 12-ին իրեն բռնի ուժով նստեցրել էին շտապ օգնության մեքենա և հոգեբուժարան տարել։
ՄԻՊ-ի պատասխանի մեջ նշված է, որ ոստիկանները տեղեկություն են ունեցել, թե Աշոտ Խուդոյանը պատրաստվում է իրեն և իր երեխային հրկիզել, ուստի իրենք եկել և խնդրել են Աշոտ Խուդոյանին հեռանալ: Խուդոյանը համաձայնել է հեռանալ, սակայն շտապ օգնության մեքենայի մոտ տեսնելով լրագրողներին՝ սկսել է դեր խաղալ։
«Հիմա ես հարց ունեմ՝ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը մարդու իրավունքների պաշտպա՞ն է, թե՞ ոստիկանության հետ համագործակցող անձ», – ասել է Մակարյանը:
Աշոտ Խուդոյանը հացադուլ էր անում նախագահական նստավայրի դիմաց՝ կարելով բերանը։ Նրան բռնի ուժով շտապօգնության մեքենան նստեցնելու պահը նոյեմբերի 12-ին նկարահանել է Epress.am-ը։