Home / Հայաստան / Հ1-ի գործադիր տնօրենը 2 միավոր է նշանակել մահացած ուսանողին

Հ1-ի գործադիր տնօրենը 2 միավոր է նշանակել մահացած ուսանողին

Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողները հայտնվել են անելանելի վիճակում մարկետինգի և գովազդի հիմունքներ դասավանդող Մարգարիտա Գրիգորյանի պատճառով, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Թերթը նշում է, որ Գրիգորյանը, ով նաև Հանրային հեռուստաընկերության (Հ1) գործադիր տնօրենն է և համարվում է ՀՀ նախագահի նստավայրի հովանավորյալը, չի բարեհաճում գալ դասերին, ավելին, արդեն երկու անգամ է՝ չի ներկայանում նաև միջանկյալ քննություններին։

Գրիգորյանը մշտապես ուշացումով է դասերի գալիս, էլ․փոստով ռուսերեն լեզվով դասախոսություն ուղարկում ուսանողներին քննությունից առաջ։

«Ժողովուրդ»-ի խմբագրություն դիմած ուսանողները պատմել են, որ անցյալ տարվա դեկտեմբերի 17-ին նշանակված քննությանը Գրիգորյանը չի ներկայացել, սակայն իրենց գրավոր քննության արդյունքները գնահատել է 2 միավորով։ Դասախոսը 2 միավոր է նշանակել նաև կուրսի ավագ Ռիմա Ղազարյանին, որը 2013թ. նոյեմբերին հիվանդության պատճառով մահացել է։ Ուսանողները դրանից հետևություն են արել, որ Գրիգորյանը չի ստուգել գրավորները, այլ մեխանիկորեն գնահատականներ է դրել ուսանողներին։

Մագիստրանտներին երեկ չի հաջողվել հանդիպել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ, քանի որ վերջինս երկրում չէ։ Նրանք դիմում են գրել ռեկտորին՝ ներկայացնելով Գրիգորյանի անպատասխանատու վերաբերմունքի մանրամասները։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ ysu.am