«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը խստորեն դատապարտում է Ուկրաինայի իշխանությունների կողմից իրականացվող բռնությունները, որոնց հետևանքով նախօրեին սպանվել են իրենց ազատության և իրավունքների համար պայքարող Ուկրաինայի երեք քաղաքացիներ, այդ թվում նաև հայազգի Սերգեյ Նիգոյանը: Այս մասին ասված է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության տարածած հայտարարության մեջ։
«Ակնհայտ է, որ ուկրաինական իշխանությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնի ուժ են գործադրել` ոտնահարելով խաղաղ ցույցեր և հավաքներ իրականացնելու յուրաքանչյուր մարդու իրավունքը:
Հայաստանում ժողովրդավարության և օրենքի գերակայության համար պայքարող ՀՀ քաղաքացին շատ լավ հասկանում և կիսում է Ուկրաինայի քաղաքացիների պայքարը, քանզի 2008թ. մենք ևս անցել ենք նմանատիպ բռնությունների միջով:
Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Ուկրաինայի այն քաղաքացիներին, ովքեր վճռական են երկիրը եվրոպական ինտեգրման ճանապարհով տանելու քաղաքականությանը և ոտքի են կանգնել պայքարելու հանուն իրենց այդ նպատակի:
Ազատ դեմոկրատներ կուսակցությունը կոչ է անում աշխարհի բոլոր դեմոկրատական ուժերին և միջազգային կառույցներին հետևողական լինել Ուկրաինայում կատարվող դեպքերին և տալ հստակ գնահատականներ, ավելին` աջակցել բոլոր հնարավոր միջոցներով», – նշում են հայտարարության հեղինակները:
Լուսանկարը՝ independent.co.uk