Ազատության մակարդակով Հայաստանն ընդգրկված է «մասամբ ազատ» երկրների շարքում։ Նման կարծիք են հայտնել Freedom House (Ֆրիդոմ Հաուս) միջազգային իրավապաշտպան կազմակերպության մասնագետները երեկ հրապարակված «Ազատությունը աշխարհում 2014» զեկույցում։ Այս առումով վերջին տարիներին Հայաստանը տեղաշարժ չի արձանագրում՝ մշտապես իր տեղը զբաղեցնելով «մասամբ ազատ» պետությունների շարքում։
Զեկույցի հեղինակները դիտարկված 195 երկրներից 59-ը համարել են «մասամբ ազատ», 88-ը՝ «ազատ» և 48 «ոչ ազատ»։
Այդ 48 երկրների թվում են Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը, Ղազախստանը և Բելառուսը, մինչդեռ Լեռնային Ղարաբաղը, Թուրքիան և Վրաստանն ընդգրկվել են «մասամբ ազատ» երկրների շարքում։
Անդրադառնալով Հայաստանին՝ Freedom House-ի փորձագետները նշում են, որ 2013 թվականի ընթացքում երկիրը Ռուսաստանի կողմից ճնշումների է ենթարկվել։
Զեկույցների հեղինակներն ընդգծում են, որ Ռուսաստանի կողմից հնչեցված սպառնալիքներն ու աննշան փոխհատուցումը բավական էր, որպեսզի Հայաստանը հրաժարվի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց և միանա Ռուսաստանի կողմից առաջնորդվող Մաքսային միությանը։