Home / Տեսանյութեր / Անհասկանալի կարգավիճակ․ Թուրքիայում հայկական դպրոցների աշակերտների թիվը նվազում է

Անհասկանալի կարգավիճակ․ Թուրքիայում հայկական դպրոցների աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայում գործող հայկական դպրոցները ֆինանսական, իրավական և տեղակայման հետ կապված լուրջ խնդիրներ ունեն։ Հիմնական խնդիրներից մեկն է նաև այն, որ դպրոցների ներկայացուցիչները վախենում են քննարկել իրենց հարցերը մամուլի հետ, թեև մասնավոր զրույցներում մշտապես կարծիք են հայտնում, որ Թուրքիայում ոչ մահմեդական համայնքների նկատմամբ խտրական վերաբերմունք գոյություն ունի։ Today's Zaman թուրքական պարբերականի լրագրողն այցելել է երկու հայկական դպրոց և զրուցել է մի քանի ուսուցիչների և դպրոցի ղեկավարների հետ, ովքեր չեն ցանկացել, որպեսզի իրենց անունները հրապարակվեն մամուլում։

Նրանք վախենում են, որ եթե խոսեն առանց Կրթության նախարարությունից պաշտոնական համաձայնություն ստանալու, հետագայում խնդիրների կբախվեն։

«Մենք անհասկանալի կարգավիճակ ունենք, որովհետև ոչ մասնավոր դպրոց ենք համարվում, ոչ էլ պետական», – ասել է հայկական դպրոցների մեկի ներկայացուցիչը։ Թուրքիայում պետության կողմից պաշտոնապես ընդունված երեք փոքրամասնությունները՝ հայերը, հույներն ու հրեաները, իրավունք ունեն իրենց ուսումնական հաստատություններն ունենալ, սակայն որոշակի վերապահումներով։

Ազգային փոքրամասնությունների դպրոցներ կարող են այցելել միայն Թուրքիայի այն քաղաքացիները, ում ծնողներից գոնե մեկը այդ փոքրամասնության ներկայացուցիչ է։ Բացի դա, պետությունը ամեն ինչ անում է, որպեսզի մեծացնի դպրոցի նկատմամբ վերահսկողությունը։ Տնօրենի տեղակալներից մեկին նշանակում է Կրթության նախարարությունը, բացի դա, պետությունը պարտադիր կարգով Թուրքիայի պատմության, գրականության, թուրքերեն լեզվի և աշխարհագրության ուսուցիչների է տրամադրում դպրոցին։ Այդ մասնագետների աշխատավարձերը վճարում է պետությունը, մինչդեռ դպրոցի մնացյալ ծախսերն ընկնում են անհատ բարերարների, աշակերտների ծնողների և հիմնադրամների վրա։

Բացի դրանից, դպրոցները պարտավոր են աշակերտների ընդունել՝ անկախ նրանից՝ վճարունակ են այդ աշակերտները, թե ոչ, ինչը լրացուցիչ ֆինանսական խնդիրների պատճառ է դառնում։

Ինչպես նշում է Today's Zaman-ը, այսօր Թուրքիայում 16 հայկական դպրոց է գործում, որտեղ 3000 աշակերտ է սովորում։ Բոլոր հայկական դպրոցները տեղակայված են Ստամբուլում․ այս քաղաքում է բնակվում Թուրքիայի հայկական համայնքի գերակշիռ մասը։ 30 տարի առաջ հայկական դպրոցների աշակերտների թիվը երկու անգամ ավել էր, իսկ մինչև 1915 թվականը Թուրքիայում 2000 հայկական դպրոց էր գործում, որտեղ 170 հազար աշակերտ էր ուսուցանում։

«Լուրջ ֆինանսական խնդիրներ կան, խնդիր է նաև դասագրքերի և ուսուցման միջոցների սղությունը։ Պետությունը երբեք մեզ չի օգնում», – ասել է դպրոցներից մեկի տնօրենը։ Եվս մեկ կարևոր խնդիր է ակադեմիական ազատությունների բացակայությունը։

«Մեզ թույլ չեն տալիս դասավանդել որևէ բան, որը կապված կլինի հայերի պատմության հետ։ Հայերի հետ կապված միայն երկու առարկա կարող են դասավանդել՝ լեզու և գրականություն», – ասել է հայկական դպրոցի ղեկավարը։

Նույն դպրոցի անգլերեն լեզվի ուսուցիչներից մեկը նշել է, որ դպրոցը հնարավարություն չունի ընտրել Թուրքիայի պատմության և աշխարհագրության ուսուցիչներին։

«Այդ ուսուցիչներին ուղարկում են Կրթության նախարարությունից, ինչը մեզ համար խնդիր է։ Նրանք իրենց օրակարգն ունեն, գրքեր են ստանում նախարարությունից և, օրինակ, պետության կողմից ընդունված պաշտոնական պատմությունն են դասավանդում», – ասել է Today's Zaman-ի զրուցակիցը։

Ուսուցիչները, ամեն դեպքում, ընդունում են, որ տարիներ առաջ իրավիճակն ավելի բարդ էր։

«Այժմ նախարարությունից ուղարկված ոսուցիչներն այդքան ազգայնական չեն, որքան նախկինում։ Հիշում եմ՝ երբ սովորում էի բարձր դասարաններում, մի անգամ դպրոցի փոխտնօրենը մեզ հավաքեց երգի դասի սենյակում և հայտարարեց, որ Թուրքիայի օրհներգը առանց խանդավառության էինք երգում, ու ստիպեց մեզ նորից երգել։ Դա կրկնվեց 10 անգամ։ Այդ ամենը խոշտանգման էր նման», – պատմել է հայկական դպրոցի անգլերենի ուսուցիչը։

Ներկայումս հայկական դպրոցներում աշակետների թիվը պակասել է, քանի որ ծնողները նախընտրում են երեխաներին ֆրանսիական կամ անգլիական դպրոցներ ուղարկել։ Հայկական դպրոցներում նշում են, որ հայրերեն սովորելն այժմ հայկական ընտանիքներում պարտադիր չէ, իսկ օտար լեզուներին մեծ կարևորություն է տրվում։

Այժմ Ստամբուլի հայերի մոտ 50 տոկոսն են այցելում հայկական դպրոցներ։ Խնդիր է նաև Ստամբուլի տարածքի մեծությունը․ հայկական դպրոցները գտնվում են քաղաքի կենտրոնում, և ծայրամասում ապրող հայերին դժվար է իրենց երեխաներին հայկական դպրոց ուղարկել։

Մինչև 2011 թվականը պետությունն արգելում էր հայկական դպրոցներում սովորել այն հայկական ընտանիքների երեխաներին, որոնք ներգաղթել էին Հայաստանից և չունեին կարգավիճակ։ 2011 թվականի ընդունված օրենքով, այդ երեխաները կարող են այցելել հայկական դպրոցներ, սակայն առանց կրթության հավաստագիր ստանալու իրավունքի, ինչի թույլ չի տալիս նրանց բարձրագույն կրթություն ստանալ։