Այսօր Հայկական բանակի կազմավորման 22-ամյակի առթիվ Սերժ Սարգսյանը մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն, որտեղ նրան մոտեցել են մի խումբ քաղաքացիներ, ովքեր դժգոհում էին, թե զինվորականներին տրվող թոշակները բավական քիչ են: Այս մասին հայտնում է galatv.am :
Ի պատասխան Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե թոշակները բարձրացրել են: Զոհված զինծառայողների հարազատները, սակայն, նշել են, որ ոչ մի բարձրացում չի եղել:
«Սուտ ա ասում, զինվորականինը չեն բարձրացրել»,- արդեն հեռացող Սերժ Սարգսյանի հետևից գոռացել է հավաքվածներից մեկը:
Քաղաքացիների դժգոհությունները լսել հրաժարվել են նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ խորհուրդ է տվել զանգահարել իրենց թեժ գծին:
Կայքի փոխանցմամբ՝ բարձրաստիճան պաշտոնյաներին ուղեկցող անվտանգության աշխատակիցները ամեն կերպ փորձում էին արգելել դժգոհող քաղաքացիներին մոտենալ իրենց ղեկավարներին: