Այսօր նշվում է Հայկական բանակի կազմավորման 22-ամյակը: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն այդ առնչությամբ նշում է, որ տոնական օրվա հետ կապված չի կարող չարձանագրել զինված ուժերում գոյություն ունեցող խնդիրները, որոնց չլուծվածության հետևանքով տեղի են ունենում զինծառայողների մահեր, առողջական վիճակի վատթարացում, խեղումներ:
«Ցավոք, նախորդ տարի ևս արձանագրեցինք ՀՀ զինված ուժերում լրջագույն խախտումներ՝ բռնություններ, ոչ կանոնադրական հարաբերությունների դեպքեր, կոռուպցիոն դրսևորումներ և մահվան դեպքեր:
Շարունակվեցին բռնությունների կոծկումները, և, չնայած մահացության դեպքերի նվազման վերաբերյալ հայտարարություններին, միայն 2014 թ-ի 27 օրվա ընթացքում ունեցանք 3 մահ և առնվազն 2 բռնության դեպք:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը արձանագրել է խախտումների շարունակական բնույթ թե՛ զորակոչի, թե՛ զինծառայության ընթացքում: Զորակոչվել են առողջական բազում խնդիրներով երիտասարդներ, նախաքննական մարմնի կողմից տարբեր գործերով, հատկապես մահացության դեպքերով, չի իրականացվել լիարժեք և օբյեկտիվ քննություն և չի տրվել համարժեք գնահատական, տեղի են ունեցել կամայական և անկանխատեսելի օրենսդրական փոփոխություններ, ինչպես նաև շարունակվել է պաշտպանական գերատեսչության ոչ բավարար թափանցիկ և հաշվետվողական գործունեությունը:
Այսպիսով, վերստին արձանագրում ենք իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը՝ իրականացնելու արմատական բարեփոխումներ, որոնք միտված կլինեն զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների կանխարգելմանը և արդյունքում հասարակության կողմից զինված ուժերի նկատմամբ վստահության ձևավորմանը», – մասնավորապես ասված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած հայտարարության մեջ: