Երեկ 22 տարվա ընթացքում առաջին անգամ Ֆրանսիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա։ Թուրքական մամուլը, փորձագետներն ու վերլուծաբանները դրական են գնահատում այդ փաստը՝ Թուրքիայի նկատմամբ Ֆրանսիայի կողմից վերաբերմունքի փոփոխություն նկատելով։ Ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդի նախորդը՝ Նիկոլյա Սարկոզին, հայտնի էր Թուրքիայի նկատմամբ իր կոշտ դիրքորոշմամբ։ Այժմ փորձագետները Թուրքիա-Ֆրանսիա հարաբերություններում լարվածության նվազում են նկատում։ Մասնավորապես, տնտեսական առումով 2013 թվականը հաջող է եղել ֆրանսիական ընկերությունների համար, ովքեր 15 միլիարդ եվրոյի գործարքներ են կնքել Թուրքիայում։
Ինչպես նշում է AFP-ն, մեկ հարցում, սակայն, Ֆրանսիայի դիրքորոշումը չի փոխվել՝ դա Հայոց ցեղասպանության հարցն է։
Խոսելով այդ մասին Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ հանդիպման ժամանակ՝ Օլանդը հայտարարել է, թե «պատմության էջերը բացահայտելը միշտ ցավոտ գործընթաց է, սակայն դա պետք է արվի»։
Իր հերթին, Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հայտարարել է․
«100 տարի առաջ կրած տառապանքները մեր ընդհանուր տառապանքներն են։ Բայց սխալ է այդ ցավը փոխանցել սերնդե սերունդ։ Այդ ցավերը վերհանելու փոխարեն, պետք է դա թողնել պատմաբաններին»։
Այնուամենայնիվ, Ֆրանսիան չի պատրաստվում հրաժարվել իր դիրքորոշումից։
Նշենք, որ Ֆրանսուա Օլանդն այսօր հանդիպելու է 2007 թվականին սպանված հայազգի լրագրող Հրանտ Դինքի այրու՝ Ռաքել Դինքի հետ։ Նշենք, որ Հրանտ Դինքն առաջիններից էր, ով թուրքական մամուլում սկսել է օգտագործել «Հայոց ցեղասպանություն» եզրը։ Դինքը համարում էր, ո հայկական հարցը Թուրքիայում չի կարող առանձին լուծվել, ու դրա լուծումը տեսնում էր այլ փոքրամասնությունների, մասնավորապես, քրդերի խնդիրների լուծման համատեքստում։