Home / Հայաստան / Սամվել Ալեքսանյանը հարկեր վճարելիս աչքի է ընկնում «պասիվությամբ»․ թերթ

Սամվել Ալեքսանյանը հարկեր վճարելիս աչքի է ընկնում «պասիվությամբ»․ թերթ

Երեկ Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած առաջին հազար հարկատուների ցանկում իր «պասիվությամբ» է աչքի ընկնում ՀՀԿ-ական պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Թերթը նշում է, որ նրան պատկանող երկու խոշորագույն ընկերությունները՝ «Ալեքս-Գրիգ» և «Սամ-Սեր Գրուպ»-ը միասին վճարել են 24.8 մլրդ դրամ, ինչը 2012 թվականի ցուցանիշից ավելին է ընդամենը 2,9 տոկոսով։

«Այսինքն, չնայած Ալեքսանյանն օր-օրի խոշորացնում է իր բիզնեսները, իր ձեռքում կենտրոնացնում նորանոր ոլորտներ, նրա վճարած հարկերը գրեթե չեն ավելանում», – նշում է «ՀԺ»-ն։

Հազար հարկատուները միասին 2013 թվականին վճարել են 665 մլրդ դրամի հարկեր և տուրքեր, ինչը 19 տոկոսով ավելին է 2012 թվականի ցուցանիշից։

«Ցանկում պահպանվել է վերջին տարիներին արդեն համառորեն արմատավորված միտումը, երբ ավելի «մանր» հարկատուներն ավելի շատ բեռ են վերցնում իրենց վրա բյուջեն համալրելու գործում:

Այսպես` հրապարակված ցանկի առաջին 30 հարկատուները միասին վերցրած 2013 թվականի ընթացքում վճարել են 277.4 միլիարդ դրամ 2012 թվականի 239,5 մլդ դրամի փոխարեն։ Այլ կերպ ասած, նրանք ավելացրել են հարկերը ընդամենը 15.8 տոկոսով։ Իսկ ահա այդ նույն ցանկի վերջին 30 հարկատուները միասին վերցրած վճարել են 3 միլիարդ դրամ 2012 թվականի 2.4 մլրդ դրամի փոխարեն: Այս դեպքում աճը կազմել է 24 տոկոս։ Այսինքն, որքան փոքր է հարկատուն, այնքան գնալով ավելի շատ է հարկ վճարում, և հակառակը՝ որքան մեծ է հարկատուն, այնքան ավելի փոքր տեմպով է մեծացնում իր հարկերը»,–գրում է թերթը։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում