ԵԽԽՎ-ում Ուկրաինայի իրադարձությունների քննարկման ժամանակ Լևոն Զուրաբյանն իրավիճակը համեմատել է 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանում տեղի ունեցածի հետ։
Ուկրաինան, ԵՄ-ն և Ռուսաստանը պետք է աշխատեն միասին, որ Ուկրաինան Արևմուտքի ու Ռուսաստանի միջև աշխարհաքաղաքական բախումների մարտադաշտ չդառնա, այլ մի վայր, որտեղ նրանք կարող են համաձայնեցնել իրենց շահերն ու համագործակցել: Այս մասին երեկ ԵԽԽՎ-ում «Ուկրաինայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Լևոն Զուրաբյանը։
«Հակառակ պարագայում Ուկրաինայի, ինչպես նաև ԵՄ-ի և Ռուսաստանի միջև արդեն առանց այդ էլ լարված հարաբերությունների պատճառով հետևանքներն աղետալի կլինեն: Միևնույն ժամանակ, ԵԽ-ն պետք է վճռականորեն միջամտի, եթե ոտնահարվում են մարդու իրավունքները և ժողովրդավարական արժեքները», – Զուրաբյանի խոսքերն է փոխանցում ilur.am-ը։
Զուրաբյանը ԵԽԽՎ պատգամավորների ուշադրությունը հրավիրել է ցուցարարների դեմ մահաբեր ուժ կիրառելու փաստերի վրա:
«Ցուցարարների սպանությունը ծանրագույն հանցագործություն է և ոտնձգություն քաղաքացու՝ կյանքի և հավաքների ազատության հիմնարար իրավունքների դեմ: Արյունահեղությունը անհաղթահարելի ճեղքվածքներ է առաջացնում հասարակությունում. որևէ հաշտություն հնարավոր չէ, եթե քրեական պատասխանատվության ու պատժի չեն ենթարկում այն անձինք, ովքեր հրամայել, կազմակերպել ու իրականացրել են այդ ոճրագործությունը: 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանում տասը մարդ սպանվեց, և 200-ը վիրավորվեց, երբ իշխանությունները մահաբեր զենք կիրառեցին ցուցարարների դեմ: Այդ ժամանակվանից ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, և իշխանությունները արեցին ամեն բան, որպեսզի կոծկեն այդ սպանությունները: Եթե ԵԽ-ն ավելի հետեւողական ու վճռական լիներ՝սպանությունները բացահայտելու ու մեղավորներին պատժելու հարցում, Հայաստանի իշխանությունների վրա ճնշումներ գործադրելու իր ջանքերում, մենք այսօր կապրեինք այլ Եվրոպայում, որը ավելի ապահովագրված կլիներ սեփական ժողովրդի վրա կրակելու պատրաստ կառավարություններից: Մենք դեռ հնարավորություն ունենք այդ ուղղությամբ գործելու, և ես առաջարկում եմ Մոնիթորինգի հանձնաժողովին զեկույց պատրաստելու համար զեկուցող նշանակել, որը կուսումնասիրի ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժ կիրառելու դեպքերը Հայաստանում և Ուկրաինայում, կմշակի նման դեպքերում միջազգային անկախ հետաքննություն իրականացնելու արդյունավետ մեխանիզմներ, ինչպես նաև օրենսդրական երաշխիքներ կառաջարկի՝ ապագայում ցուցարարների դեմ մահաբեր ուժի կիրառումը կանխելու նպատակով», – ասել է Զուրաբյանը: