Թեև հատկապես Երևանի բազմաթիվ բենզալցակայաններում «ռեգուլյար» և «պրեմիում» տեսակներին զուգահեռ վաճառվում է նաև «սուպեր» բենզին, Hetq.am-ը պարզել է, որ 2008-ից ի վեր Հայաստան այդպիսի վառելիք չի ներկրվել (մարզերում նման բենզին գրեթե չեն վաճառում):
Վերջին անգամ «սուպեր» տեսակի բենզին ներկրվել է 2008-ին՝ 1.416.200 լիտր (1.393.634 դոլար արժեքով): Ըստ կայքի՝ այստեղ կա երեք տարբերակ.
1. ավելի ցածր տեսակի բենզինն իրացվում է «սուպերի» անվան տակ,
2. «սուպեր» բենզինը ներկրվում է ավելի էժան տեսակի անվան տակ,
3. վաճառողների պահեստներում այդ բենզինը մնացել է նվազագույնը 6 տարի և չի իրացվում:
«Ֆլեշն» ու «CPS»-ը ներկրում են, մյուսները՝ գնում նրանցից
Հայաստանում բենզինի և դիզվառելիքի ոլորտում կա մի քանի խոշոր ընկերություն. «Ֆլեշ» ՍՊԸ, «Սի փի էս Օիլ Քորփորեյշն» ՍՊԸ, «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ, «Մաքսհուր» ՍՊԸ, «Ռան-Օյլ» ՍՊԸ: Ըստ ՏՄՊՊՀ-ի 2010-ի վերջին ուսումնասիրությունների՝ շուկայում գերիշխող դիրք ունեն «Ֆլեշը» (բենզին՝ 44,6 %, դիզվառելիք՝ 47,3 %) եւ «CPS»-ը (բենզին՝ 41,8 %, դիզվառելիք՝ 40,8 %, «Սիփի էս Օիլ Քորփորեյշն»-ը փաստացի փոխարինել է «Սիթի Պետրոլ Գրուպ»-ին, որի անունը տեղ է գտել ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրության մեջ): Այս թվերը 4 տարվա հնություն ունեն, չնայած երկու ընկերություններն էլ մինչ օրս ակնհայտ առաջատար են ասպարեզում: Մյուս ընկերությունների՝ շուկայում մասնակցության չափաբաժինների վերաբերյալ ՏՄՊՊՀ-ն տվյալներ չունի:
«Ռան-Օյլ» ընկերության տնօրեն Սամվել Բաղդասարյանը «Հետքի» հետ զրույցում հայտնեց, որ բենզին ու դիզվառելիք ընկերությունը չի ներմուծում, այլ գնում է «Ֆլեշից» ու «CPS»-ից: Դիտարկմանը, թե պաշտոնական տվյալներով 2008-ից հետո «սուպեր» բենզին չի ներկրվում, Բաղդասարյանն առարկեց՝ նշելով, որ, օրինակ, «Ֆլեշը» բերում է, և իրենք երկու ընկերություններից էլ գնում են: «Ռան-Օյլ»-ն այն ընկերություններից է, որոնց լցակայաններում այսօր կարելի է «սուպեր» բենզին գտնել:
Ծիծեռնակաբերդի խճուղուց դեպի Լենինգրադյան և Կիևյան եռաթև խաչմերուկի մոտ գործող լցակայանում, ինչպես նաև մի քանի այլ տեղերում, որոնք գործում են «Մաքս Գրուպ» կամ «Մաքս Օիլ» բրենդի տակ, նույնպես վաճառվում է «սուպեր» բենզին: Սակայն «Մաքսհուր» ընկերության հաշվապահությունից հերքեցին, թե իրենք այժմ «սուպեր» բենզին են վաճառում և վերոնշյալն իրենց լցակայանն է՝ չնայած անվան առկայությանը: Միաժամանակ տեղեկացրին, որ «Մաքսհուրը» բենզին ու դիզվառելիք թե ներկրում է, թե գնում «Ֆլեշից» ու «CPS»-ից: Ներմուծումները կատարվում են Ռումինիայից եւ Բուլղարիայից:
«CPS» ընկերության տնօրեն Արթուր Դանիելյանի հետ «Հետքին» չհաջողվեց կապ հաստատել. աշխատակցուհին պատասխանում էր, որ ղեկավարությունից մարդ չկա, իսկ ինքը չի կարող պատասխանել հարցերին:
«Ֆլեշի» տնօրինությունը նույնպես անհասանելի մնաց: Տնօրեն Յաշա Խաչատրյանը կամ տեղում չէր, դուրս էր եկել, կամ էլ խորհրդակցության էր: Իսկ փոխտնօրեն Մուշեղ Էլչյանը, ըստ ընկերության աշխատակցուհու, ներկա պահին չի աշխատում «Ֆլեշում»:
«Միկա Քորփորեյշն»-ի աշխատակցուհին էլ հայտնեց, որ ներկայում ընկերությունը չի վաճառում «սուպեր» բենզին և ներմուծումներ չի կատարում: Նա դժվարացավ ասել, թե որ երկրներից է ընկերությունը նախկինում բենզին բերել, սակայն «Միկայի» պաշտոնական կայքում նշված են Հունաստանը, Բուլղարիան, Ռումինիան, Ռուսաստանը, Ուկրաինան:
Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ