Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանի համար պետմեղադրող Արմեն Մարուխյանը երեկ 15 տարվա ազատազրկում է պահանջել:
Ինչպես փոխանցում է asparez.am-ը, Մարուխյանը ճառում նշել է, թե Սարգսյանի կողմից կատարած հանցագործությունները հիմնավորվել են նախաքննության ընթացքում ձեռք բերված և դատարանում հետազոտված մի շարք ապացույցներով:
Պետմեղադրողն իր կողմից նշված ապացույցները, սպանության մասով, պայմանականորեն բաժանել էր 3 խմբի. 1. ապացույցներ, որոնք հիմնավորում են Սարգսյանի սպանությունը կատարելու շարժառիթը, 2-րդ, որոնք հաստատում են Հարությունի կողմից Կարեն Եսայանին սպանելու նպատակով նրան հետապնդելը, 3-րդ խումբն այն ապացույցներն են, որոնք վերաբերում են սպանության օրը Սարգսյանի գործողություններին և անմիջականորեն հաստատում են Սարգսյանի կողմից սպանության կատարումը:
Մեղադրական ճառը ներկայացնելու ընթացքում ամբաստանյալը, ով վատառողջ էր, անընդհատ միջամտում էր, հակադարձում իրեն առաջադրված մեղադրանքներին ու պետմեղադրողի բերած հիմնավորումներին: Պետմեղադրողը ստիպված եղավ մի քանի անգամ դատարանից պահանջել կարգի հրավիրել ամբաստանյալին կամ սանկցիա կիրառել նրա նկատմամբ:
«Դատախազն այս պահին այստեղ հանցագործություն է կատարում: Հարգելի մեղադրող, դուք հանցագործություն եք կատարում, դուք սպանություն եք թաքցնում… Հանցագործ- մեղադրող, տեղերով փոխվելու ենք», – պետմեղադրողի՝ 15 տարվա ազատազրկում պահանջից հետո ասել է Հարություն Սարգսյանը:
Դատական ողջ նիստի ընթացքում լարված մթնոլորտ է տիրել նաև նիստերի դահլիճում: Ամբաստանյալի հարազատներն անընդհատ տեղերից խոսում էին, իսկ վերջում արդեն հեռակա կռիվ անում մեղադրող կողմի հետ:
Պատասխան ճառին պատրաստվելու համար պաշտպանական կողմը 20 օր ժամանակ է խնդրել: Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 26-ին: