«Փակ շուկայի» բացման դեմ նախորդ տարի անցկացված մի քանի ակցիաների մասնակից Կարո Եղնուկյանն այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կրկին ինքնաբացարկ է հայտնել դատավոր Մնացական Մարտիրոսյանին՝ պատճառաբանելով, որ իր բողոքի քննությունը ձգձգվում է պատասխանող կողմի պատճառով:
Եղնուկյանը վիճարկում է դատախազության անգործությունը։ Ակտիվիստը դիմել էր դատախազությանը՝ պահանջելով քրեական գործ հարուցել իր դեմ ատելության քարոզ անողների դեմ: Խոսքը վերաբերում է ՀՀԿ-ական պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փակ շուկայի» շենքի ճակատային մասին շուկայի տնօրինության կողմից Եղնուկյանի նկարով պաստառը փակցնելուն։ Պաստառի վրա գրված էր՝ «Մասոն. ոչ վարձու ընդդիմախոսներին, ոչ օտարերկրյա լրտեսներին, ոչ գրանտակերներին․ դուք դեմ եք 700 աշխատատեղերի ստեղծմանը»:
Դեռևս անցած նիստին Եղնուկյանը դատախազությունից պահանջել էր ներկայացնել՝ ինչ գործողություններ են կատարվել իր բողոքի հետ կապված: Ինչպես Epress.am-ին հայտնել է Եղնուկյանը, այսօր դատախազությունը այդպես էլ պատասխան չի տվել՝ ներկայացնելով իր իսկ բողոքը:
«Ես գիտեմ՝ երբ եմ դիմել ու ինչ եմ գրել իմ բողոքում: Ես պահանջում են՝ ներկայացնեն՝ ինչ են արել, որ դեռ քրեական գործ չեն հարուցել», – ասել է Եղնուկյանը:
Այսօրվա նիստը հետաձգվել է, քանի որ դատավոր Մնացականյանը ժամանակ է տվել պատասխանողին՝ պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու համար: Մնացականյանը մերժել է իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։
Նշենք, որ ըստ Եղնուկյանի, իր դեմ արված ատելության քարոզը ապացուցված է, քանի որ պաստառի տեղադրումից հետո իր վրա երկու հարձակում է տեղի ունեցել: Հոկտեմբերի 15-ին Կոմիտասի պողոտայում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետի դիմաց կայացած բողոքի ակցիայի ժամանակ անհայտ անձը ծակել էր Կարո Եղնուկյանի մեքենայի անվադողերը: Բացի դա, անհայտ մեքենաներ մի քանի անգամ հետևել են Եղնուկյանին և իր ընտանիքի անդամներին: