Գյումրու ավագանին իր այսօրվա նիստում ««Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ-ին քաղաքապետարանի բյուջեից 5 միլիոն դրամ տրամադրելու մասին որոշում է ընդունել: Որոշմանը դեմ է քվեարկել միայն ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը (լուսանկարում)։ «Վերածնունդ» փառատոնի համանախագահն է Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը։ Նա «Փյունիկ» հիմնադրամի ղեկավարն է, որն էլ դիմել է «Վերածնունդ» փառատոնին գումար հատկացնելու խնդրանքով։
Բարսեղյանն առաջարկել է հետ ուղարկել դրամական օգնություն տալու խնդրանքը, պահանջել է, որպեսզի «Փյունիկ» հիմնադրամը ներկայացնի, թե ինչպես է բախշվելու փառատոնի կազմակերպման համար հատկացվող բյուջեն՝ 197 միլիոն դրամը և, մասնավորապես, քաղաքապետարանից պահանջվող 5 միլիոնը:
Քննարկման ժամանակ Լևոն Բարսեղյանը ցանկացել է ներկաների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հիմնադարամի նախագահը դիմում է քաղաքապետին` երրորդ անձին՝ մի ՀԿ-ի ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու խնդրանքով, իսկ այդ երրորդ անձից` ՀԿ-ից ոչ դիմում կա, ոչ այդ ՀԿ-ի մասին որևէ տեղեկատվություն։ Ուստի ավագանու անդամը հարցրել է՝ արդյոք քաղաքապետարանը տեղյակ է՝ ով է «Վերածնունդ» փառատոնի համանախագահը:
Քաղաքապետարանի ներկայացուցիչը, ով հարցը սխալ է հասկացել, պատասխանել է. «Ով ուզում է լինի «Փյունիկ»-ի ղեկավարը, սա կարևոր չի: Ես գտնում եմ, որ քաղաքապետարանը պետք է օգնի, քանի որ դա մեր քաղաքին պետք է: Սկսած 2005 թվականից անց է կացվել մշակութային փառատոնը, դարձել է միջազգային, 30 երկրից գալիս են Գյումրի, մեր առևտրի շրջանառությունն է կարգավորվում: Փառատոնի ծախսերը շատ են, բայց մենք գտնում ենք, որ կարող ենք տրամադրել միայն 5 միլիոն դրամ: Էդ ձեր ասած նախահաշվարկը ևս մեզ հետաքրքիր չէ: Մենք կարող ենք պահանջել միայն ասել՝ ինչ են անելու մեր տված գումարը: Հետո մեզ կտան հաշվետվությունը»:
Լևոն Բարսեղյանը ներկայացրել է որոշ մանրամասներ «Վերածնունդ» փառատոնի կազմակերպման մասին: Մասնավորապես, նա ասել է, որ արտասահմանցի մասնակիցները պարտավոր են վճարել 80-100 եվրո, Հայաստանից կամ Արցախից մասնակիցները՝ 3000 դրամ:
Բացառությամբ գալա-համերգի մասնակիցների, մյուսներն իրենք են հոգում հյուրանոցային, տրանսպորտային ծախսերը։ Փառատոնը հոգում է միայն գալա-համերգի մասնակիցների երկու օրվա հյուրանոցային ծախսերը:
Լևոն Բարսեղյանը նշել է նաև, որ «Փյունիկ» հիմնադրամն անցյալ տարի ունեցել է Գյումրիի քաղաքապետարանի բյուջեի չափ եկամուտ՝ 2.9 միլիարդ դրամ, ուստի ահնասկանալի է՝ ինչու է դրամական օգնություն խնդրում Հայաստանի ամենաաղքատ քաղաքներից մեկից: Չնայած Բարսեղյանի փաստարկներին, որոշումն ընդունվել է։
«Փյունիկ» հիմնադրամը 2011 թվականին ունեցել 742,5 մլն դրամի նվիրատվություն, իսկ 2012 թվականին նվիրատվությունների թիվը հասել է 2,893 մլրդ դրամի։