Այսօր կենսաթոշակային պարտադիր պահումների դեմ բողոքի ակցիա են անցկացրել Երևանի մետրոպոլիտենի աշխատակիցները։ Ժամը 10։00-ից նրանք հավաքվել են Մետրոպոլիտենի կենտրոնական գրասենյակի մոտ և ղեկավարությանը իրենց աշխատավարձերի 5 տոկոսի չափով պահումները վերադարձնելու մասին նամակ-պահանջ են հանձնել։
Նոր օրենքը վերաբերում է 1200 աշխատակիցների մոտ կեսին։ Epress.am-ի հետ զրույցում Մետրոպոլիտենի աշխատակից Արմեն Սարգսյանն ասել է, որ աշխատավարձը երկուշաբթի են ստացել և տեսել, որ 5 տոկոսի պահում է արվել։ Սարգսյանի խոսքով՝ իրենց պահումների մասին չեն զգուշացրել, աշխատակիցներն անգամ չեն ընտրել իրենց միջոցների կառավարչին։
Սարգսյանն ասել է նաև, որ հինգ տոկոսը պահել են կեղտոտ աշխատավարձից։
Մետրոպոլիտենի աշխատակիցը հավելել է, որ պետք չէ իրենց ակցիան կապել Հարավ-կովկասյան երկաթուղու աշխատակիցների նախաձեռնած ակցիայի հետ։
«Մենք որևէ մեկի օրինակին չենք հետևում, ուղղակի նոր ենք ստացել աշխատավարձը և հայտնաբերել, որ մեզ քիչ են փող տվել։ Մենք չէինք կասկածում, որ նման բան կարվի, քանի որ Սահմանադրական դատարանը կասեցրել էր օրենքի՝ մեզ վերաբերող կետերը»,- ասել է Սարգսյանը։
Բողոքի ակցիային միացել են նաև կենսաթոշակային կուտակային համակարգի դեմ ամիսներ շարունակ պայքարող «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամները։