«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ռուսաստանյան «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ի դուստր ընկերություն) աշխատակիցներն այսօր միացել են կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ ակցիաներին: Հիշեցնենք, որ երկու օր առաջ բողոքի ակցիա էին նախաձեռնել երկաթուղու, իսկ երեկ Մետրոպոլիտենի աշխատակիցները։
Էլցանցերի աշխատողները դեռևս հունվարին աշխատավարձ ստանալով՝ տեսել էին, որ իրենցից պահումներ են արվել։ Նրանք ստորագրահավաք էին անցկացրել ու դիմել ղեկավարությանը, որտեղից, սակայն, պատասխան չէին ստացել։
Այնուհետև աշխատակիցները տեղեկացել էին, որ իրենց փետրվարի աշխատավարձից ևս հինգ տոկոս պահվելու է, և որոշել են բողոքի ակցիա անցկացնել ընկերության գլխավոր մասնաշենքի մոտ:
Նշենք, որ բողոքի ակցիայի մասնակիցների թիվը բավականին փոքր էր: Բողոքողները, սակայն, դա բացատրել են նրանով, առավոտյան ղեկավարությունից բոլոր բաժանմունքների աշխատողներին զգուշացրել են, որ ակցիային մասնակցելու դեպքում կզրկվեն աշխատանքից:
Նրանք, ովքեր չէին իջել ներքև՝ ընկերության շենքի մուտքի մոտ, բողոքի ակցիային հետևում էին պատուհաններից:
Բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցություններ է վարել Էլցանցերի արհմիության նախագահ Արտյոմ Մուրադյանը: Նա բացատրել է, որ աշխատավարձի 5 տոկոսի չափով գանձված գումարները չեն փոխանցվել որևէ հիմանդրամի, այլ պահվել են առանձին հաշվի վրա։ Դրանք հիմնադրամներին կուղարկվեն այն դեպքում, եթե Սահմանադրական դատարանը հակասահմանադրական չհամարի կենսաթոշակների մասին օրենքը։ Հակառակ դեպքում գումարները խոստանում են վերադարձնել:
Մուրադյանը բողոքի մասակիցներին առաջարկել է սպասել մինչև ժամը 16.00-ը, երբ խնդրի շուրջ ժողով է տեղի ունենալու, որին մասնակցելու են նաև ընկերության ղեկավար կազմի ներկայացուցիչները։
Մուրադյանի խոսքով՝ ավելի շուտ ժողով գումարել չի ստացվի, քանի որ մարզերից էլ են աշխատակիցներ գալու, ովքեր ևս բողոքում են պարտադիր կուտակայինի դեմ:
Մուրադյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ ընկերությունում աշխատում է մոտ 8000 մարդ, որոնցից մոտ 2500-ն է 1974 թվականից հետո ծնված:
Բողոքի ակցիայի մասնակիցներն ասել են, որ այսօր չեն պատրաստվում աշխատել և սպասելու են մինչև հարցը լուծում ստանա: Բողոքողներից մի քանիսը նաև գործադուլ անելու կոչեր են հնչեցրել, սակայն այդ հեռանկարը բացառվել է․ ոմանք նշել են, որ Էլցանցերը համարվում են ռազմավարական նշանակության կառույց, որի աշխատակիցները գործադուլ անելու իրավունք չունեն:
Հիշեցնենք, որ նախորդ տարի ընկերության Խոշոր սպառողների դեպարտամենտի 41 աշխատողներ բողոքի ակցիա էին անցկացրել: Նրանց ջանքերի արդյունքում դեպարտամենտը չի լուծարվել, այն գործելու է առնվազն մինչև մարտ, որից հետո դեպարտամենտի հարցը պետք է կրկին քննարկման դրվի: