Հայաստանի պանրի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներն ահազանգում են, թե պանրի շուկայում առաջիկայում սպասվում է զգալի դեֆիցիտ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթը նշում է, որ պատճառը կաթի արտադրությունն է, որը Հայաստանում սեզոնային բնույթ է կրում։ Շիրակի մարզում պանրի արտադրությամբ զբաղվող «Իգիթ» ընկերությունն արդեն մեկ ամիս է՝ չի աշխատում, իսկ շուկայում այսօր դեռ սպառվում է «Իգիթ»-ի անցյալ տարվա արտադրանքը։
Բացի դա, գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումն արդեն ազդել է պանրի գնագոյացման վրա։ Նշված ընկերության տնօրեն Անդրանիկ Իգիթյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Այն ամենը, ինչ հիմա կատարվում է մեր երկրում, ուղղակի ազդեցություն ունի մեր արտադրության վրա։ Ժողովրդի արտագաղթը, մարդկանց գնողունակությունն ընկած է, չեն կարողանում պանիր գնել, մեկը մեկի հետ շաղկապված է։ Ինչի չգիտեք, թե ինչ է մեր երկրի վիճակը։ Մարդը չի հասցնում վառելիքի գումար տա, որպեսզի տունը տաքացնի։ Հակառակի պես Գյումրիում էլ ցուրտ է։ Յուրաքանչյուր տուն ամսական 60-70 հազար դրամ միայն գազի վարձ է վճարում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում