Վրաստանի նախագահին կից ազգային և կրոնական փոքրամասնությունների խորհրդի անդամ Գեորգի Էլիբեգովը ամեն ինչ անելու է վիրահայոց թեմի առաջնորդի հետկանչին հասնելու համար։ Այս մասին նա ասել է «Հայկական ժամանակ» թերթի հետ զրույցում։
Էլիբեգովը, ով նաև Վրաստանում իշխող «Վրացական երազանքի» ներկայացուցիչ է, ինչպես նաև օմբուդսմենին կից ազգային փոքրամասնությունների խորհրդի անդամ, Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին մեղադրում է եկեղեցուն տրվող գումարները մսխելու մեջ։
Էլիբեգովն արդեն հանդիպել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ և տեղի հեղինակություն վայելող մի շարք հայերի անունից պահանջել պետական հանձնաժողով ստեղծել՝ պարզելու, թե ինչպես են ծախսվում Վրաստանի պետական բյուջեից տեղի հայկական եկեղեցուն ամեն տարի 1.3-1,5 մլն լարի (մոտ 940 հազար դոլար) տրվող գումարները։
Հանձնաժողովի ստեղծման համաձայնությունը նա արդեն ստացել է։
Ավելի վաղ «Ռեգնում» գործակալության հետ զրույցում Էլիբեգովն ասել էր, որ իրեն հաճախ են դիմում հայ համայնքի ներկայացուցիչները, որոնք դժգոհ են եպիսկոպոսի ու եկեղեցու գործունեությունից, նրան մեղադրում են համայնքի խնդիրների հանդեպ անուշադրության ու եկեղեցու համար նախատեսված գումարների յուրացման մեջ։
«Այդ անվստահությունն ուժեղացավ այն բանից հետո, երբ Թբիլիսիում Սայաթ-Նովայի տոնախմբությունից հետո այն ժամանակվա վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ցանկություն հայտնեց հայ համայնքին «Կարտու» բանկի ֆոնդից 100 հազար լարի տրամադրել (ավելի քան $57 հազար) տարատեսակ համայնքային ծախսերի համար»,- պատմել էր Էլիբեգովը։
Պատասխանելով այդ մեղադրանքներին՝ Հայ առաքելական եկեղեցու վարչական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանը «Ռեգնում»-ին ասել էր, որ հայկական համայնքի որոշակի մասն ինտրիգներ է հյուսում եպիսկոպոսի ու եկեղեցու շուրջ․ «Ես մոտավորապես գիտեմ, թե ով է ձեզ այդ ամենն ասել։ Կա մի կին, որն անընդհատ դիմում է մեզ ու նվերներ պահանջում։ Մենք նվիրատվություն ենք ստանում Ամերիկայից ու դպրոցներին ու մանկատներին բաժանում 1+1 սկզբունքով, այսինքն՝ յուրաքանչյուր երեխային մեկ նվեր կյանքում մեկ անգամ։ Իսկ նրանք ուզում են մշտապես նվերներ ստանալ»,- նշել է եկեղեցու ներկայացուցիչը։
Տեղեկանալով, որ խոսքը ոչ թե նվերների, այլ Բիձինա Իվանիշվիլիի կողմից տրամադրված գումարի մասին է, Կարեն Երիցյանը հաստատել էր, որ նախկին վարչապետն իսկապես «Կարտու» բանկի կողմից միջոցներ է տրամադրել՝ Թբիլիսիում Սուրբ Գևորգ եկեղեցու շինարարության ու վերականգնման համար։ «Այդ ամբողջ գումարը գնացել է եկեղեցու վերականգնմամբ զբաղվող հիմնադրամին։ Մենք ունենք բոլոր փաստաթղթերն ու բանկի քաղվածքը։ Մենք այդ փողերին անգամ չենք դիպչել, դրանք «Կարտու»-ից միանգամից փոխանցվել են TBC բանկում հիմնադրամի հաշվին։ Այդտեղից հիմնադրամն ինքն է հանել գումարը, աշխատողներ վարձել ու ինքն է ամեն ինչի համար վճարել։ Եկեղեցին նրանց հետ որևէ կապ չունի։ Մենք միայն հետևում ենք, որ եկեղեցին կառուցվի եկեղեցական օրենքներին համապատասխան»,- պարզաբանել էր Երիցյանը։