Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմում ծագած սկանդալը շաբաթ օրը նոր զարգացումներ է ունեցել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թերթը նշում է, որ իրավիճակն այնքան է սրվել, որ բանը հասել է կացնին, քարերով իրար գլուխ ջարդելուն, շտապօգնությանը, ոստիկանությանը: Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս սրբազանը երեկ թերթի հետ զրույցում տեղի ունեցածի իր վարկածն է ներկայացրել, իսկ Վրաստանի օմբուդսմենին կից ազգային և կրոնական փոքրամասնությունների խորհրդի անդամ, «Վրացական երազանք» դաշինքի ներկայացուցիչ, հայազգի Գեորգի Էլիբեգովը՝ իր:
Թերթն ընդգծում է, որ ամեն ինչ սկսվել է իր շաբաթօրյա հրապարակումից, որտեղ Էլիբեգովը մի շարք մեղադրանքներ էր ներկայացրել վիրահայոց թեմի առաջնորդին: Նա պնդել է, թե տեղի հայկական եկեղեցուն տրամադրվող գումարներն անհասկանալի ուղղությամբ են ծախսվում, որ ինքը հանդիպել է Վրաստանի նախագահի հետ և համաձայնություն է ձեռք բերվել, որ ստեղծվելու է հանձնաժողով` վերահսկելու համար, թե ինչպես է ծախսվելու Վրաստանի պետբյուջեից հայկական եկեղեցուն հատկացվելիք 1.300-1.500 միլիոն լարին (մոտ 940 հազար դոլար), նաև ակնարկներ էր արել թեթևաբարո կանանց հետ սրբազանի կապի մասին:
Ըստ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի՝ սույն հրապարակումից հետո հայ համայնքի ներկայացուցիչները` մոտ 200 հոգի, ինքնաբուխ հավաքվել են և գնացել Էլիբեգովի տան մոտ` ի նշան բողոքի: Ըստ Էլիբեգովի՝ Միրզախանյանն ինքն է հավաքել այդ մարդկանց և ուղղորդել իր տուն: Էլիբեգովը պնդում է, որ նրանք հարձակվել են այդ պահին բակում գտնվող Էլիբեգովի կնոջ վրա և ոտքերով ծեծել նրան, քարերով հարվածել են Էլիբեգովի գլխին, ինքն էլ կացինը վերցրել է և սպառնացել իր տան վրա եկածներին: Կողմերին, ըստ Էլիբեգովի, բաժանել է իր տան դիմաց ապրող Վրաստանի նախագահի թիկնազորը: Հարուցվել է քրեական գործ:
Միրզախանյանի և Էլիբեգովի հետ ամբողջական հարցազրույցները՝ թերթի այսօրվա համարում