Փետրվարի 20-ին Բաքվի պետական համալսարանի անվտանգության ծառայության աշխատակիցները ուժ են կիրառել վերաքննությունների դիմաց վճարների բարձրացման դեմ բողոքող ուսանողների դեմ:
Contact.az-ի փոխանցմամբ՝ հարյուրավոր ուսանողներ ցույց են կազմակերպել բուհի շենքի դիմաց՝ վանկարկելով՝ «Ուսանողները չպետք է վճարեն դասախոսների աշխատավարձը», «Մի խախտեք օրենքը, կեղծ կանոններ մի հնարեք»:
Համալսարանի անվտանգության ծառայության աշխատակիցները ուժի կիրառմամբ ուսանողներին ստիպել են մտնել շենք: Անվտանգության՝ քաղաքացիական հագուստով աշխատակիցներից մեկն իրեն առավել ագրեսիվ է պահել, վնասել է Turan գործակալության թղթակցի տեսախցիկն ու հարվածել ֆոտոլրագրող Էթիմադ Բուդագովին: Միևնույն ժամանակ, Contact.az-ը նշում է, որ ոստիկանությունն իրեն զուսպ է պահել:
Ակցիան ավարտվել է այն բանից հետո, երբ բուհի ռեկտոր Աբել Մահերամովը դուրս է եկել ուսանողների մոտ ու խոստացել ուսումնասիրել բողոքները: Այնուհետև, սակայն, ուսանողների մի խումբ հավաքվել է Գիտությունների ակադեմիայի բակում ու հրաժարվել հեռանալ: