Հայաստանն իրեն շռայլություն է թույլ տվել ունենալու սպորտի նախարար, ով սպորտի կենդանի լեգենդ է և պետք է հազարավոր երեխաների հերոսն ու նմանվելու իդեալը դառնա: Այս մասին այսօր Սպորտի և երիտասարդության հարցերի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ խոսելով նախարար Յուրի Վարդանյանի մասին։
«Ես կարծում եմ, որ գիտեք՝ ձեր առաջնահերթ խնդիրը պետք է լինի Յուրի Վարդանյան լեգենդի օգտագործումը: Բոլորիդ եմ ասում, թող որևէ մեկին չթվա, թե ես հաշվի եմ առել Յուրի Վարդանյանի կազմակերպչական մեծ ունակությունները, որ առաջարկել եմ դառնալ նախարար: Ես առաջարկել եմ, որ այս մարդը, ով կենդանի լեգենդ է, դառնա նախարար, որպեսզի նրան որպես այդպիսին նաև ի ցույց դնենք: Ձեզնից քանի՞սն են այս մարդու հետ գնացել մի դպրոց: Քանի՞ անգամ է անցած մեկ տարվա ընթացքում այս մարդը հանդիպել երիտասարդների հետ: Քանի՞ անգամ է դուրս եկել, գնացել մի բակ և ասել՝ երեխե՛ք, պարապեք, պարապե՛ք, որ ինձ նման դառնաք: Ո՞վ պետք է անի դա: Դուք պետք է անեք՝ փոխնախարարներ, աշխատակազմի ղեկավար, ովքեր նախարարի աշխատակարգն են կազմում: Եթե դուք հինգ տեղեկանք պակաս գրեք, ես դա թերություն չեմ համարի, բայց եթե դուք ձեռքից բաց թողնեք այն երիտասարդներին, այն երեխաներին, ովքեր կարող են Յուրի Վարդանյանի ճանապարհով գնալ, ա՛յ, դա մեծ թերություն կլինի: Դուք պետք է ակտիվ լինեք», – Սարգսյանի խոսքերը փոխանցում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Նշենք, որ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը 1980 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն է, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն և ռեկորդակիր։