Home / Հայաստան / Դատարանը մերժել է «Արտ լաբորատորիա»-ի՝ ոստիկանության որոշման դեմ հայցը

Դատարանը մերժել է «Արտ լաբորատորիա»-ի՝ ոստիկանության որոշման դեմ հայցը

ՀՀ վարչական դատարանը մերժել է «Արտ լաբորատորիա» արվեստագետների խմբի անդամների հայցադիմումն ընդդեմ ՀՀ ոստիկանության: Արվեստագետները պահանջում էին անվավեր ճանաչել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի կողմից 2013 թվականի դեկտեմբերին կայացրած 30.000-ական դրամ վարչական տույժ նշանակելու մասին որոշումները։

Հիշեցնենք, որ վիճարկվող որոշումը կայացվել էր քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի գրաֆիտին պատերին պատկերելու համար։

Դատարանը մերժումը պարզաբանել է նրանով, որ հայցադիմումը երկու օր ուշացումով է ստացել։ Այն, որ ուշացումը եղել է փոստի առաքման պատճառով, դատարանը հարգելի չի ճանաչել:

Արվեստագետների ներկայացուցիչ, Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Գայանե Խաչատրյանը այդ առնչությամբ Epress.am-ին ասել է.

«Դատարանը կարող էր հարգելի ճանաչել հայց ներկայացնելու համար երկու օր բաց թողնված դատավարական ժամկետը, քանի որ այն տեղի էր ունեցել հետադարձ ծանուցման անդորրագրերը փոստի ուշ առաքելու հետևանքով: Սակայն վարչական դատարանը վկայակոչել է ՀՀ Սահմանադրական դատարանի՝ ուժը կորցրած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նկատմամբ 07.01.2014-ին կայացրած որոշումը՝ պատճառաբանելով, որ պարտադիր չէր հայցին կցել պատասխանողների կողմից հայցը ստանալը հավաստող ապացույցը։ Մինչդեռ սույն թվականի հունվարին ուժի մեջ մտած օրենսգրքով այդ կարգը նախատեսված է, իսկ նոր օրենսգրքի նկատմամբ ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը կիրառելի չէ»- ասել է Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ ի սկզբանե օրենսդիրն է խախտում թույլ տվել, քանի որ ընդունելով նոր վարչական դատավարության օրենսգիրքը անտեսել է ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը, ինչպես նաև անհրաժեշտություն է առաջացել, որ ՀՀ սահմանադրական դատարանը ընդունի նոր որոշում, որը կիրառելի կլինի գործող օրենսգրքի նկատմամբ:

Վարչական դատարանի որոշման դեմ Վերաքննիչ բողոք է ներկայացվել։