«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության փոխնախագահ Մամե Ամիրյանը կարծում է, որ Հայաստանը այն երկիրն է, որի միջոցով հնարավոր կլինի բարձրաձայնել Իրաքում բնակվող եզդիների այն խնդիրները, որոնց մասին չեն կարող բարձրաձայնել հենց Իրաքում բնակվող եզդիները:
«Սինջար»-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Ամիրյանը բարձր է գնահատում Հայաստանի որոշ քաղաքական ուժերի աջակցությունն այս հարցում։
«Ինչպես արդեն տեղյակ եք, Իրաքում եզդի համայնքը բավական ծանր վիճակում է հայտնվել: 2003 թվականից սկսած Իրաքից, ըստ պաշտոնական տվյալների, հեռացել է 150 000 եզդի: Եզդիները հեռանում են, քանի որ իսլամական ուժերի կողմից բավական մեծ են ճնշումները եզդի համայնքի նկատմամբ: Հիմա կարևոր գործընթաց է սկսվել: Մենք անում ենք ամեն բան, որպեսզի ԵԽԽՎ «Ազգային փոքրամասնությունների վիճակը Եվրոպայում» զեկույցում ներառվեն նաև Իրաքի եզդիների նկատմամբ կիրառվող հալածանքները:
Իրաքի եզդիների խնդիրների վերաբերյալ մենք նախապատրաստել ենք զեկույցներ, որոնցում արտացոլված է եզդի համայնքի շուրջ ստեղծված իրավիճակը, որը առկա է Իրաքում: Զեկույցն անգլերեն լեզվով է և ներկայացնում է եզդիների նկատմամբ կիրառված բռնություններն ու հալածանքները մինչև Սադամ Հուսեյնի ռեժիմի տապալումը և այդ ռեժիմի տապալումից հետո: Ինչպես նաև առանձին ներկայացրել ենք վերջին ամիսներին ազգային հողի վրա տեղի ունեցած սպանություններն ու միջադեպերը:
Հույս ունենք, որ ներկայացված փաստերը տեղ կգտնեն ԵԽԽՎ համապատասխան զեկույցում, ինչը եզդի համայնքի համար կարևորագույն հարց է և այն հնարավորություն կտա ևս մեկ անգամ դատապարտել այն գործողությունները որոնք տեղի են ունենամ եզիների նկատմամբ»,-տեղեկացնում է Մամե Ամիրյանը:
Վերջինս կազմակերպության պատրաստած զեկույցը փոխանցելու է ԵԽԽՎ «Ազգային փոքրամասնությունների վիճակը Եվրոպայում» զեկույցի պատասխանատու Ֆրենց Կալմարին և ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին: