Եվրո 2016-ի ընտրական փուլի վիճակահանությունը Հայաստանի հավաքականի համար առաջին հայացքից ծանր ստացվեց: Հայաստանը հայտնվեց 5 թիմանոց խմբում առանց անդորրաների և սան-մարինոների, բայց Ալբանիայով՝ 5-րդ զամբյուղից: Այն Ալբանիայով, որն ամռանը ընկերական խաղում ոչ մի շանս չտվեց մեր թիմին:
Ամեն դեպքում, խմբերը մի փոքր ավելի ուշադիր զննելուց հետո կարելի է գալ այն եզրակացության, որ ամեն ինչ կարող էր ավելի վատ լինել:
Ավելի վատ տարբերակներ
Եվ այսպես, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը I խմբում կմրցի Պորտուգալիայի, Դանիայի, Սերբիայի և Ալբանիայի հավաքականների հետ: Մրցույթից դուրս՝ այս խմբի թիմերի հետ ընկերական խաղեր կանցկացնի նաև Ֆրանսիայի ընտրանին: Վիճակահանությունը նվերներ, մեղմ ասած, չմատուցեց։ Սակայն պետք չէ շտապել՝ ասելով, որ Հայաստանը մահվան խմբում է հայտնվել: Հաստատ ավելի վատ կլիներ, եթե խաղայինք A խմբում Հոլանդիայի, Չեխիայի, Թուրքիայի, Իսլանդիայի և Ղազախստանի հետ: Վատ տարբերակ է նաև D խումբը, որտեղ հայտնվելու դեպքում պետք է մրցեինք Գերմանիայի, Իռլանդիայի, Լեհաստանի, Վրաստանի և Ջիբրալթարի ընտրանիների հետ: Եթե այսօր Պորտուգալիայից միավորներ կորզելու տարբերակների մասին կարելի է մտածել, ապա նույն Գերմանիայի հետ նման հնարավորությունները զրոյի մոտ են: Ի դեպ, այն խումբը, որտեղ մենք հայտնվել էինք ի սկզբանե՝ Իտալիա, Խորվաթիա, Նորվեգիա, Ադրբեջան, Մալթա, նույնպես տհաճ տարբերակ է: Այնտեղ մեզ չընդգրկեցին, որովհետև նախապես հայտնի էր, որ Ադրբեջանի հետ տարբեր խմբերում պետք է լինեինք:
Ավելի լավ տարբերակներ
Լավագույն տարբերակը, իհարկե, չես համեմատի Հայաստանին բաժին ընկած խմբի հետ: Եվ այսպես, մեր՝ 4-րդ զամբյուղի թիմերից բախտը ժպտացել է Ֆինլանդիային, որը խաղալու է Հունաստանի, Հունգարիայի, Ռումինիայի, Հյուսիսային Իռլանդիայի և Ֆարերյան կղզիների հավաքականների հետ: Նման խմբում յուրաքանչյուր իրեն հարգող հավաքական խնդիր կդներ առաջին տեղի համար պայքարել: Շատ վատ չէր լինի, եթե Հայաստանը խաղար Ռուսաստանի, Շվեդիայի, Ավստրիայի, Մոլդովայի և Լիխտենշտեյնի հետ միևնույն խմբում: Եթե բացառենք քաղաքական գործոնը, ապա այս խմբում իրական կլիներ գոնե մեկ անգամ հաղթել անգամ առաջին զամբյուղի թիմին՝ Ռուսաստանի հավաքականին:
Մրցակիցներ
Մեր այսօրվա 4 մրցակիցներից 3-ը մի առանձնահատկություն ունեն, որի վրա հնարավոր չէ ուշադրություն չդարձնել: Պորտուգալիան, Սերբիան, Ալբանիան շատ լավ են հանդես գալիս սեփական հարկի տակ: 2014 թվականի Աշխարհի գավաթի ընտրական փուլում այդ օրինաչափությունից բացառություններ, իհարկե, եղան, սակայն, չեմ կարծում, որ դրանք մշտական բնույթ կկրեն: Հիշելով, որ վերջին ընտրական փուլում մեր թիմն իր միավորների հիմնական մասը վաստակեց մրցակցի հարկի տակ՝ այնուամենայնիվ, չենք կարող չփաստել, որ սերբերի հետ դրսում ավելի դժվար է խաղալ, քան, օրինակ, չեխերի։ Էլ ավելի ակնհայտ է, որ Ալբանիային Տիրանայում շատ ավելի բարդ է հաղթել, քան Մալթային՝ մրցակցի հարկի տակ: Ինչ վերաբերում է Պորտուգալիային, ապա այստեղ ամեն ինչ պարզ է. Ռոնալդուի առաջնորդությամբ պորտուգալացիները հազվադեպ են մրցակիցներին կենդանի բաց թողնում Լիսաբոնից, Պորտույից, Բրագայից կամ Լեյրիայից: 2013 թվականի հունիսին հայաստանցիները 4:0 հաշվով հաղթեցին Դանիայի ընտրանուն Կոպենհագենում, սակայն դժվար է պատկերացնել, որ այս անգամ նույնքան հեշտ է լինելու. բնական է՝ Դանիան դասեր կքաղի սեփական հարկի տակ կրած պարտությունից:
Ինչ վերաբերում է երևանյան հանդիպումներին, ապա այստեղ հայաստանցիները պետք է աշխատեն 6 միավոր վերցնել Ալբանիայի և Սերբիայի հետ խաղերում: Ի տարբերություն Պորտուգալիայի և Դանիայի, այդ մրցակիցները մրցակցի հարկի տակ բավական անհաջող են հանդես գալիս: Մեկ բան ակնհայտ է. եթե հայաստանցիները Երևանում խաղան այնպես, ինչպես դա անում էին նախորդ ընտրական փուլում, ապա վաստակած միավորների քանակն էլ ավելի քիչ կարող է լինել:
Ընդհանուր առմամբ, բնութագրելով մրցակիցներին, պետք է փաստել, ոչ մեկը նվեր չէ, բայց խմբում չկա մի այնպիսի թիմ, որի հետ անհնար է խաղալ, ինչպես, ասենք, Բոսնիայի հետ մրցակցի հարկի տակ կամ Գերմանիայի հավաքականի հետ՝ ամեն տեղ: Այո, խմբի բոլոր հանդիպումները մեզ համար 3 հնարավոր արդյունքով խաղեր են, բայց քանի որ մրցակիցներն էլ միմյանցից միավորներ շատ են խլելու, 2-րդ կամ 3-րդ տեղի համար պայքարելու հնարավորություններ հաստատ կան: Հարկ է նշել, որ մեր մրցակիցներն էլ կցանկանային խուսափել Հայաստանի հավաքականից, որը 4-րդ զամբյուղի ուժեղագույն թիմերից է: Եվ այսպես, արձանագրենք՝ Հայաստանը գրեթե մահվան խմբում է հայտնվել։
Խաղացանկ
Այս անգամ, ինչպես և նախորդ ընտրական փուլում, խաղացանկն ամենևին էլ վատը չէ: Միակ դեպքը, երբ մեր ընտրանին երկու մրցակցային խաղ անընդմեջ է անցկացնում, 2015 թվականի սեպտեմբերն է: Բայց այդ ամսին Հայաստանի հավաքականն ավանդաբար լավ վիճակում է լինում:
Սկսում ենք Դանիայի հետ դրսում. գուցե, դա ամենալավ տարբերակը չէ, բայց նախ՝ ինչ-որ մեկի հետ պետք է սկսել, իսկ երկրորդը՝ հաջողության դեպքում Հայաստանի հավաքականի առջև միանգամից պայծառ ապագա է բացվում:
Խաղացանկ
07.09.2014. Դանիա – Հայաստան
11.10.2014 Հայաստան – Սերբիա
14.11.2014. Պորտուգալիա – Հայաստան
29.03.2015. Ալբանիա – Հայաստան
13.06.2015. Հայաստան – Պորտուգալիա
04.09.2015. Սերբիա – Հայաստան
07. 09.2015. Հայաստան – Դանիա
11.10.2015. Հայաստան – Ալբանիա
Արմեն Մ.