ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, ով Ազգային ժողովում առաջարկել է Մարտի 1-ի հարցով զբաղվող հանձնաժողով ստեղծել, բազում գործեր քննելով մութ հարցեր է թողել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, մասնավորապես, մատնանշելով Հոկտեմբերի 27-ի գործը, երբ խորհրդարանում ահաբեկիչները Նաիրի Հունանյանի գլխավորությամբ սպանել են ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ փոխխոսնակներ Յուրի Բախշյանին ու Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին և Օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանին:
«Չե՞ք կարծում, որ հոկտեմբերի 27-ի գործով ևս պետք է հանձնաժողով ստեղծվի»,- Ջհանգիրյանին հարցրել է Բաբուխանյանը՝ նշելով, որ ինքն այդ գործով տուժող է (Բաբուխանյանն ահաբեկչության ժամանակ ԱԺ նիստերի դահլիճում է եղել – խմբ․):
Ջհանգիրյանը պատասխանել է, որ նման հանձնաժողով ստեղծելու հարցը ՀԱԿ-ի ծրագրում է։ ՀԱԿ խմբակցության պատգամավորը նաև ավելացրել է, որ Բաբուխանյանը նաև այլ կարգավիճակ է ունեցել Հոկտեմբերի 27-ի գործով։ Նշենք, որ ահաբեկչությունից հետո մամուլի հրապարակումների համաձայն, դահլիճում եղած պատգամավորներից շատերն ասել են, թե Բաբուխանյանը շփվել է ահաբեկիչների հետ, ազատ ելումուտ է արել դահլիճ ու գործում պետք է որպես մեղադրյալ կամ վկա ներգրավվի։
«Այդ կարգավիճակը Ձեր ձգտումն ու երազանքն էր: Թեման փակված չէ մինչև չպարզվի՝ Ձեր նպատակը ո՞ւմ կողմից էր ուղղորդվում»,- Ջհանգիրյանին հակադարձել է Բաբուխանյանը:
Նա նաև կարծիք է հայտնել, որ Մարտի 1-ի գործով պետք է գնահատական տրվի նաև «կազմակերպիչներին»:
«Դուք, Լևոն Տեր-Պետրոսյանը զգո՞ւմ եք պատասխանատվություն կատարվածի համար: Ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանը չի ներկայացել քննչական մարմին», – ասել է Բաբուխանյանը:
Ջհանգիրյանն ասել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանին քննչական մարմին երբևէ չեն հրավիրել, իսկ Մարտի 1-ի հարցով զբաղվող ԱԺ հանձնաժողով նա չի եկել, քանի որ վստահություն չի ունեցել ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանի գլխավորած կառույցի նկատմամբ:
Մարտի 1-ի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը, իր հերթին, առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել այդ օրը զոհված 10 անձանց հիշատակը՝ շեշտելով, որ նման առաջարկ է անում այսօր, քանի որ այս տարի մարտի մեկը շաբաթ օր է: Այդուհանդերձ, Եսայանն ասել է, որ ինքը դեմ է հանձնաժողովի ստեղծմանը:
«Դուք չէիք կարող դեմ չլինել, քանի որ Հովհաննես Սահակյանն արդեն ասել է, որ դեմ է»,- հակադարձել է Ջհանգիրյանը՝ նկատի ունենալով, որ դա ընդհանուր խմբակցության դիրքորոշումն է և ՀՀԿ-ական պատգամավորը այդ դեպքում չի կարող անձնական դիրքորոշում ունենալ: Մարգարիտ Եսայանը, այնուամենայնիվ, պնդել է, որ ինքն իր անձնական կարծիքն ունի։