Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրով Հրանտ Եպիսկոպոսյանը նշանակել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը։
Նշենք, որ Եպիսկոպոսյանը նշանակվել է մեկ ամիս առաջ աշխատանքից ազատված Ռոմիկ Հարությունյանի պաշտոնում։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Հարությունյանի անունը կապվում է «Հայբիզնեսբանկում» տիրող իրավիճակի հետ։ ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության համաձայն, Ռոմիկ Հարությունյանը ի պաշտոնե ներգրավված է եղել բանկից խոշոր գումարների անհետացման շուրջ տարվող քննության գործում և փորձել է գործարքներ առաջարկել գործով անցնող մեղադրյալներին։ Ռոմիկ Հարությունյանի հեռացման պատճառը պաշտոնապես չի հայտարարվել։ Որոշ տեղեկությունների համաձայն, նա գտնվում է Ռումինիայում և չի պատրաստվում Հայաստան վերադառնալ։