հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Նախարարությունը կոռուպցիայի դեմ պայքարում չի կարողանում 40 հազար հղիների վերահսկել

Նախարարությունը կոռուպցիայի դեմ պայքարում չի կարողանում 40 հազար հղիների վերահսկել

Առողջական խնդիրներ ունեցող հղի կանանցից բուժման համար գումար գանձելու մասին Առողջապահության նախարարի որոշումը կասեցվել է գործող մեխանիզմների հստակ չլինելու պատճառով։ Այս մասին այսօր լրագրողների և քաղաքացիական ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ ասել է Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը։

Որոշումը, որի համաձայն բուժման մեկ օրվա համար հղիները պետք է 5000 դրամ վճարեին, կասեցվել է մինչև հունիսի 1-ը։

Նշենք, որ երեկ հասարակական կազմակերպությունները, ակտիվիստները հայտարարել են որոշման դեմ բողոքի ակցիա կազմակերպելու մասին, որից հետո արդեն այսօր առավոտյան հայտարարվել է, որ որոշումը չեղյալ է համարվում։ ՀԿ-ների ներկայացուցիչները, այնուամենայնիվ, գնացել են նախարարություն պարզաբանումներ ստանալու համար։

Հանդիպման ժամանակ Վահան Պողոսյանը հստակ չի պատասխանել այն հարցին, թե արդյոք մեխանիզմները հստակեցնելուց հետո վճարը գանձելու հարցը կրկին օրակարգ կմտնի։

Փոխնախարարը պարզաբանել է, որ որոշումը նպատակ ուներ վերացնել «գրպանի վճարը», թույլ չտալ, որպեսզի հղիները վճարեն բուժաշխատողին։ Փոխարենը, վճարները պաշտոնականացվում են և գնում են բուժհիմնարկի բյուջե։

«40 հազար հղիներին չենք կարող վերահսկել», – ասել է Վահան Պողոսյանը։

Լրագրողները նկատել են, որ նախարարության գործառույթը ոչ թե հղիներին վերահսկելն է, այլ բուժհիմարկներում կոռուպցիան վերցնելը։

Պողոսյանը լրագրողների այդ դիտարկմանը չի պատասխանել։ Նա ներկաներին հորդորել է չանհանգստանալ, քանի որ վճարները միայն պաթոլոգիաներով հղիներին են վերաբերում, որոնք, ըստ փոխնախարարի, շատ քիչ տոկոս են կազմում։

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Լարա Ահարոնյանն ընդգծել է, որ որոշումը կայացնելուց հետո միայն հայտնի է դարձել, որ երկու պոլիկլինիկաներում պիլոտային ծրագիրն արդեն վաղուց էր իրականացվում և հղիներից գումարները գանձում էին։ Ահարոնյանի խոսքով՝ այժմ դժվար է պարզել, թե որքան կանայք են արդեն վճարել ծառայությունների դիմաց։

Նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանն ասել է, որ հղիները զգուշացվել են, որ դա պիլոտային ծրագիր է, և եթե չէին ցանկանում, կարող էին այլ տեղում բուժվել։

Լրագրողներից մեկը հարցրել է՝ արդյոք նման որոշումը չի ազդի Հայաստանում ծնելիության մակարդակի վրա, որն առանց այդ էլ խնդիր է, ինչին ի պատասխան Քրմոյանը նշել է, թե արդեն չի ազդի, քանի որ որոշումը վերացվել է։