Հարավային Կովկասի երկրների՝ մեկ Միության մեջ միավորվելու դրական ու բացասական կողմերը կքննարկվեն մարտի 8-ին՝ Թեքալիի գործընթացի շրջանակներում հերթական հանդիպման ժամանակ՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի մոտ գտնվող Թեքալի վրացական գյուղում։
Ինչպես հայտնում է Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը, Թեքալիի գործընթացի այս տարվա բոլոր ակցիաներն ու հանդիպումները նվիրված են լինելու Հակամարտությունների և բանակցությունների միջազգային կենտրոնի հիմնադիր ու տնօրեն, գիտնական, Կովկասում խաղաղության, մարդու իրավունքների ու ազատությունների մարտիկ Գիորգի Խուցիշվիլիի հիշատակին։ Խուցիշվիլին Թեքալիի գործընթացի առաջին քաղաքացիական լսման ժամանակ, որը տեղի է ունեցել 2011 թվականի մարտին, առաջին զեկուցողն էր ու հանդես էր գալիս «կողմ»՝ «Վրաստանը՝ միջնորդ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում․ կողմ և դեմ» թեմայով քաղաքացիական լսման ժամանակ։
Հարավային Կովկասի աշխարհագրական կենտրոնում հերթական հանդիպման ժամանակ նաև կներկայացվի Թեքալիի արագ արձագանքման խմբի գործունեության վերաբերյալ զեկույց ու տեղի կունենա Լևոն Ջավախյանի «Վերնիսաժ» գրքի շնորհանդեսը։
Հանդիպմանը մասնակցել ցանկացողներին կտրամադրվի տրանսպորտ՝ Թբիլիսիից, Իջևանից, Ղազախից, Մարնեուլից, Նոյեմբերյանից։ Ավտոբուսում տեղ ամրագրելու համար խնդրում ենք գրել [email protected] էլ․ հասցեին, կամ կազմակերպիչների հետ կապ հաստատել՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով․ +994 55 8726695 (Ադրբեջան), +374 55 401459 (Հայաստան), +995 599 753754 (Վրաստան)։
«Հարավկովկասյան Միություն» թեմայով հանդիպմանը «կողմ» հանդես կգան իրավապաշտպան, շտապ օգնության բժիշկ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Ադրբեջանի գրասենյակի Ղազախ-Աղստաֆայի մասնաճյուղի համակարգող Համիս Մասիմովը և լրագրող, Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ, «Իզվեստիա» թերթի հայաստանյան թղթակից Տիգրան Հովհաննիսյանը։ «Դեմ» հանդես կգա լրագրող, Media.ge, NPO.GE կայքերի խմբագիր, Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիայի խորհրդի անդամ Դավիթ Մչելիձեն։ Հանդիպման մոդերատորն է խաղաղարար նախաձեռնությունների Կովկասյան կենտրոնի նախագահ Գեորգի Վանյանը։
Զեկույցների տեքստերը, որոնք քննարկվելու են հանդիպման ժամանակ, արդեն հրապարակվել են southcaucasus.com կայքում։
Քաղաքացիական լսումը իրականացվում է Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի կողմից՝ «Մարդու իրավունքների խորհրդանշական դատարան» նախագծի շրջանակներում՝ National Endowment for Democracy կազմակերպության աջակցությամբ, «Թեքալի» ասոցիացիայի ու Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Ադրբեջանի գրասենյակի Ղազախ-Աղստաֆայի մասնաճյուղի կազմակերպչական աջակցությամբ։