16։45 Լևոն Տեր-Պետրոսյանը, խոսելով Մարտի 1-ի մասին, նշել է, որ դա ոչ միայն զոհերի հարազատների, այլև ողջ ազգի հավաքական ողբերգությունն է, հասարակությունը պարտավոր է լարել բոլոր ջանքերը արդարադատության ու պետականության վարկի վերականգնման համար։
«Թող ոչ ոքի չթվա, որ Մարտի 1-ի հարցն իրեն չի վերաբերում։ Անպատիժ մնալու դեպքում դրա կրկնությունը սպառնում է բոլորին։ ՀԱԿ-ը շարունակում է այդ հարցն օրակարգում պահել և լի է վճռականությամբ ավարտին հասցնել գործը։ ԱԺ ՀԱԿ խմբակցությունը երկու անգամ հանդես է եկել հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ։ 3-րդ անգամ դա արել է ընդդիմադիր այլ խմբակցությունների հետ համատեղ։ ՀԱԿ-ը շարունակում է հետապնդել այդ հարցը նաև միջազգային ասպարեզում», – ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը։
Տեր-Պետրոսյանի ելույթի հաջորդ հատվածները կներկայացնենք քիչ անց
16:20 Ազատության հրապարակում են «Ժառանգությունից»՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Արմեն Մարտիրոսյանը, ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյանը, Վահան Բաբայանը, Վահե Էնֆիաջյանը, Տիգրան Ուրիխանյանը։
16:00 ՀԱԿ կուսակցության փոխնախագահ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իր ելույթում հիշեցրել է, որ վեց տարի առաջ առաջին անգամ Հայաստանի նորանկախ պատմության մեջ իշխանությունները կրակեցին սեփական ժողովրդի վրա։ Նա ընդգծել է, որ այսօր Հայաստանը հաճախ համեմատում են Ուկրաինայի հետ՝ ասելով, որ ուկրաինացները կանգնեցին մինչև վերջ՝ ի տարբերություն հայաստանցիների։ Զուրաբյանը, սակայն, հերքեց այդ համեմատությունը՝ ասելով, որ հայ ժողովուրդը չնահանջեց նույնիսկ գնդակների առջև։
«Ոստիկանությունն այդ օրը 3 անգամ հարձակվեց, բայց ժողովրդի ընդվզմանը բախվեց։ Ռեժիմը կարողացավ հաջողության հասնել միայն այն բանի հաշվին, որ ժողովրդի դեմ բանակ հանեց։ Այդպես չեղավ Ուկրաինայում», – ասել է Զուրաբյանը։
Անդրադառնալով Հայաստանի ներսում ստեղծված քաղաքական վիճակին՝ Զուրաբյանն ասել է, որ Ազգային ժողովում ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը միասնական ճակատ են ստեղծել ՀՀ իշխանություների դեմ և համագործակցության այդ ձևաչափը թույլ է տալիս հավաքել [արտահերթ նիստեր հրավիրելու համար] անհրաժեշտ 44 ստորագրություններ ու բարձրացնել ժողովրդին հուզող խնդիրները։
Հերթի մեջ է կառավարությանն անվստահության հայտնելու հարցը, ասել է Զուրաբյանը։ Նա չի բացառել, որ 4-ի ձևաչափը կդնի նաև Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը։ Այդ պահին Ազատության հրապարակում հավաքվածները սկսել են վանկարկել՝ «Սերժիկ, հեռացիր»։
15։50 Ազատության հրապարակում ելույթ է ունեցել ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
15:40 ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանն իր ելույթում անդրադարձ է կատարել Հայաստանի տնտեսական իրավիճակին՝ քննադատելով իշխանություններին մի շարք օրենքներ ընդունելու համար, մասնավորապես, կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքը։ Նա նաև խոսել է գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից, արագաչափ սարքերի ու տեսախցիկների տեղադրումից ու վարորդներից գումաներ գանձելուց, ինչպես նաև վճարովի ավտոկայանատեղիների մասին։
15։30 Ազատության հրապարակում հնչեցրած ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանի ելույթից․ «Պետությունը, չբացահայտելով հանցագործությունը, նույնանման ողբերգությունների կրկնման համար նախադրյալներ է ստեղծում։ Պետությունը, որի պարտականությունն է գտնել ու պատժել մեղավորներին, ամեն ինչ արեց, որ կոծկի հանցագործությունը։ Հասարակություն էլ անտարբերություն ու անհաղորդություն դրսևորեց։ Ոչ պետությունը, ոչ հասարակությունը, ոչ էլ քաղաքական ուժերը տեղի ունեցածից դասեր չքաղեցին։ Վերջին 6 տարում ժողովրդի վիճակն էլ ավելի է վատթարացել։ Ժողովուրդն այլևս չի սպասելու նոր ընտրությունների, այլ դիմելու է տարրերային ընդվզումների։ Հրամանատարների ռազմադաշտային խորհուրդը կոչ է անում հրաժարվել առանձին ընդվզումներից ու սկսել համաժողովրդական մոբիլիզացիա»։
Ավետիսյանը դիմել է յուրաքանչյուր քաղաքացու, ՀԿ-ներին, քաղակական կուսակցություններին՝ կոչ անելով միավորվել ու միասնական պայքար մղել։ Նա հատուկ դիմել է ուժային կառույցներում աշխատող ազատամարտիկներին՝ կոչ անելով հիշել՝ «մենք ով ենք, ում դեմ ենք պայքարել և ով է այսօր իրական թշնամին»։
15:25 Մարտի 1-ին զոհված Սամվել Հարությունյանի հայրը՝ Էդիկ Հարությունյանը նշել է, որ իշխանությունները թշնամանք են ստեղծել ժողովրդի միջև։ Նա հիշեցրել է ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի այն խոսքերը, թե Մարտի 1-ը պետք է բացահայտվի։ Այդ պահին հավաքվածները սկսել են վանկարկել «Ամոթ»։ Զոհվածի հայրը նշել է, որ չի հավատում, թե ներկայիս իշխանությունները կբացահայտեն Մարտի 1-ի սպանդը։
15:10 Այսօր 15։00-ին Ազատության հրապարակում մեկնարկեց «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության հանրահավաքը, որը նվիրված է 2008 թվականի Մարտի 1-ին զոհված անձանց հիշատակին։
Հանրահավաքի մեկնարկին ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասել է, որ 6 տարի առաջ այս օրը զոհվեց նվազագույնը 10-ը մարդ։
«Արյունն անտեղի արյուն չէր։ Բոլոր երիտասարդները զոհվել են խաղաղության ճանապարհին, ժողովրդավարության ճանապարհին», – ասել է Մանուկյանն, ապա ընթերցել զոհերի անունները ու առաջարկել մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը։
Առաջին ելույթի իրավունքը Մանուկյանը տվել է Մարտի 1-ին զոհված Սամվել Հարությունյանի հորը՝ Էդիկ Հարությունյանին, ով ղարաբաղյան պատերազմի ազատամարտիկ է։