Մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելու համար առավոտից Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների ներկայացուցիչներ և ակտիվիստներ երթով շարժվել են Բաղրամյան 26։
Երթի մեկնարկին ոստիկանները թույլ չեն տվել հավաքվածներին քայլել փողոցի երթևեկելի մասով՝ պահանջելով քայլել մայթով, ինչին ի պատասխան ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ երթն արտոնված է։
Հասնելով Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն՝ ակցիայի մասնակիցները կանգնել են, իսկ երթի մասնակից «Կոնկորդ» կենտրոնի տնօրեն, ՀՀ ազգային անվտանգության նախկին նախարար, ՀԱԿ նախկին անդամ, Դավիթ Շահնազարյանը բարձրախոսով հայտարարել է, որ իրենց բողոքը ուղղված է ոչ թե Ռուսաստանի, այլ Կրեմլի քաղաքականության ու Վլադիմիր Պուտինի դեմ։
«Մենք մեղադրում ենք Պուտինին, որ Մարտի 1-ի սպանդն իրականացնելու համար հովանավորել է Ռոբերտ Քոչարյանին, ով ՀՀ կանոնավոր բանակը օգտագործել է խաղաղ ցուցարարների դեմ։ Պուտին, ձեռքերդ հեռու Հայաստանից և Ուկրաինայից», -ասել է Շահնազարյանը։
Երթի ընթացքում մասնակիցները պարբերաբար գոռացել են «Սերժիկ, հեռացիր», ինչպես նաև հնչեցրել են, իրենց կարծիքով, Մարտի 1-ի մեղավորների անունները՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Տիգրան Թորոսյան, Արթուր Բաղդասարյան, Գագիկ Հարությունյան, Վարդան Օսկանյան, Սամվել Ալեքսանյան և այլն։
Պարոնյան և Պռոշյան փողոցներով ակցիայի մասնակիցները բարձրացել է մինչև Բաղրամյան պողոտա՝ կանգնելով նախագահական նստավայրի դիմացի մայթին իրենց պաստառներով։ Պաստառների վրա գրված էր․ «Մարտի 1-ով Սերժը զավթեց ժողովրդի իշխանությունը», «Մարտի մեկի պատասխանատուները պետք է հայտնվեն ճաղերի հետևում», «Մարտի 1-ի մեղսակիցներն են բոլոր անտարբերները», «Պուտինն է Մարտի 1-ի կնքահայրը»։ Նշենք, որ ակցիայի ավարտին նախագահական նստավարի մոտ Եվրամիության դրոշով ժամանել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։
Նախագահականի դիմաց ելույթներ են ունեցել լրագրող Գայանե Առուստամյանը, իրավապաշտպաններ Արթուր Սաքունցն ու Լևոն Բարսեղյանը։