Home / Հայաստան / Տարոն Մարգարյանից պահանջել են հանրային տրանսպորտից հանել ՌԴ դրոշները

Տարոն Մարգարյանից պահանջել են հանրային տրանսպորտից հանել ՌԴ դրոշները

Տարոն Մարգարյանից պահանջում են մայրաքաղաքի հանրային տրանսպորտից հանել Ռուսաստանի Դաշնության պետական դրոշները։ «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության կողմից ԶԼՄ-ներին տարածած բաց պահանջագրում ասվում է, որ Երևան քաղաքի հանրային որոշ փոխադրամիջոցներում տեղադրված են Ռուսաստանի Դաշնության պետական խորհրդանիշներ, մասնավորապես դրոշը. որոշները՝ Հայաստանի Հանրապետության դրոշի կողքին, որոշներն՝ առանձին (օրինակ՝ 26, 53 համարների ավտոբուսներում): Նամակի հեղինակները կից լուսանկարներ են ներկայացրել։

1flagtransport

«Սույն նամակով պահանջում ենք պարզել, թե ինչու է այլ երկրի պետականության խորհրդանիշը հայտնվել Երևանի հանրային տրանսպորտում՝ հաշվի առնելով այն տարրական հանգամանքը, որ երևանյան ավտոբուսները և երթուղային տաքսիները ՌԴ դիվանագիտական ներկայացուցչություններ չեն, հետևաբար, չեն կարող արտահայտել այդ պետության հետ որևէ առնչություն:

Երկրորդ, պահանջում ենք ամենակարճ ժամկետներում ձեռնարկել համապատասխան միջոցառումներ և ապահովել Ռուսաստանի Դաշնության խորհրդանիշների հեռացումը հանրային տրասպորտից, ՌԴ հետ առնչություն չունեցող այլ հանրային վայրերից: Տեղեկացնում ենք, որ հակառակ դեպքում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված կարգը և ՀՀ ինքինիշխանությունը վերահաստատող այդ գործողությունները կիրականացնեն ինքնիշխան Հայաստանի քաղաքացիները», – ասված է պահանջագրի մեջ:

Պահանջագիրը ստորագրել են քաղաքացիներ Արթուր Ավթանդիլյանը, Աննա Շահնազարյանը, Լիլիթ Գևորգյանը, Լևոն Գալստյանը, Մերի Խաչատրյանը, Նարեկ Բաբայանը, Սուրեն Սահակյանը, Շուշան Թումանյանը, Սեդա Հայրապետյանը։