Հայաստանի հավաքականը Կրասնոդարում անշուք խաղով պարտվեց Ռուսաստանի ընտրանուն 2:0 հաշվով: Երկու գոլերն էլ մրցակիցը խփեց առաջին խաղակեսում, երբ երկու թիմերն էլ գրեթե իրենց մարտական կազմերով էին հանդես գալիս: Երկրորդ խաղակեսը խոշոր հաշվով վերածվեց անիմաստ վազվզոցի կիսատ-պռատ պահերով այս ու այն դարպասի մոտ: Հերթական անգամ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ցույց տվեցին, որ ընկերական խաղերում հաճախ ներկայանում են ոչ այն կերպ, ինչպես պաշտոնական հանդիպումներին: Վերջին անգամ նման պատկեր էինք տեսել Ալբանիայում ամռանը: Գուցե, մի փոքր էլ ավելի վատ էր՝ հաշվի առնելով նախկին ու այսօրվա մրցակիցների կարգերի տարբերությունը: Այնուամենայնիվ, այս դեպքում պարտության մեջ վերջապես կարող ենք դրական մի բան տեսնել՝ որքան էլ դա զարմանալի չթվա: Իսկ այդ դրականը Հայաստանի հավաքականի նոր մարզչի՝ Բերնար Շալանդի ներկայությունն էր ստադիոնում (թիմը խաղադաշտ դուրս բերեց ՀՖՖ տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանը-խմբ.): Մեր ֆուտբոլիստները, կարծես, նպատակ ունեին ցույց տալ Շալանդին այն բոլոր խնդիրները, որոնք վերջին տարիներին չէին ստանում իրենց լուծումը: Առաջին հերթին այն, ինչի մասին բազմիցս է խոսվել՝ Հայաստանի հավաքականը որակյալ պաշտպանների լուրջ խնդիր ունի ընդհանրապես և եզրային պաշտպանների խնդիր՝ մասնավորապես: Ու հարցը ոչ միայն պաշտպանների անհատական որակներն են, այլ նրանց համագործակցության մակարդակը, ինչպես նաև թիմային պաշտպանությունը: Որովհետև այսօր վատ էր թե մեկը, թե մյուսը: Երկար ընդմիջումից հետո կազմ վերադարձած Արտակ Եդիգարյանը, ով, տպավորություն է, իր կարիերայի ընթացքում խաղացել է հնարավոր բոլոր դիրքերում, բացի դարպասապահից, ձախ պաշտպանի տեղում կրկին հիասթափեցրեց: Առաջին գոլը խփվեց իր գոտուց կատարած փոխանցումից հետո, իսկ երկրորդ դեպքում հենց Եդիգարյանը սխալ դիրք զբաղեցրեց ու ստիպված եղավ գցել մրցակցին՝ 11-մետրանոց:
Աջ եզրում խաղացող Հրայր Մկոյանը, գուցե, փորձի հաշվին, մրցակիցներին ավելի քիչ բան էր թույլ տալիս, սակայն այդ եզրից էլ վտանգավոր գրոհներ կազմակերպվեցին: Ինչպես նախկինում, այսօր էլ դրվագներից մեկում Վարազդատ Հարոյանը ոտքերով առաջ նետվեց մրցակցի վրա, լավ է, որ վերջինս կարողացավ խուսափել հարվածից: Լիտվայի և Դանիայի հետ հանդիպումներում Հարոյանի նման խաղաոճը կարմիր քարտերով էր ավարտվել: Առջևում էլ գրեթե ոչինչ չէր ստացվում. Մարկոսը անընդհատ սխալվում էր, Մովսիսյանը դեռ պատրաստ չէր վնասվածքից հետո, Սարկիսովը դաշտում այդպես էլ չերևաց, Ղազարյանն ու Մխիթարյանն էլ ինչ-որ բան ցանկանում էին անել, բայց դա բավարար չէր անգամ մեկ իրական գոլային պահ ստեղծելու համար:
Խնդիրների մի ողջ փունջ՝ շվեյցարացի Բերնար Շալանդին նվեր, ով առաջին անգամ էր օնլայն ռեժիմով ստադիոնից հետևում Հայաստանի հավաքականի խաղին: Այժմ նա, հավանաբար, գիտակցում է, որ թեև աշխատելու բավարար հումքը կա, բայց հեշտ հաստատ չի լինելու:
Արմեն Մ.